«Խաղ»․ ինչպես էր ստեղծվում FairWind-ի նոր հոլովակը
Ռոք

«Խաղ»․ ինչպես էր ստեղծվում FairWind-ի նոր հոլովակը

Մի քանի օր առաջ տեղի ունեցավ Fairwind խմբի նոր՝ «Խաղ» երգի տեսահոլովակի պրեմիերան։ Խմբի ֆրոնթմեն Վարդգես Հովեյանն ու հոլովակի ռեժիսոր Անդրանիկ Բերբերյանը պատմել են այս ամբիցիոզ նախագծի մասին։

Լուսանկարները՝ Սերգեյ Ենգոյանի 

#Ռոք

«Խաղը» FairWind-ի սպասվող հերթական՝ երրորդ ալբոմից է։ Ընդ որում, խմբի անդամները խոստացել են, որ «Սեր, կրակ և ռաքնռոլ» կոչվող սկավառակի բոլոր երեգերն ունենալու են սեփական տեսահոլովակները։ Դա նշանակում է, որ ամեն հոլովակ պիտի ունենա իր ուրույն ձեռագիրը (ինչպես և երգերը, իհարկե)։ Այս մեկը մի ամբողջ փոքր ֆիլմ է ստացվել, որտեղ կան վիզուալ ողջույններ Բերգմանից ու Փարաջանովից մինչև Depeche Mode ու Pink Floyd:

 

 

Վարդգես Հովեյան, Fairwind

Երբ Անդոյի դեռ նոր սկսեցինք քննարկել ապագա հոլովակը, սովորության համաձայն բողոքեցինք, թե՝ Հայաստանում ռոք լսողները քիչ են, մենք ամեն ինչ փորձում ենք էդ շրջանակն ընդլայնելու համար, բայց ամեն դեպքում՝ չափազանց քարքարոտ ճանապարհով ենք անցնում։ Անդոն էլ հղացավ հանդիսատես չունեցող, բայց չհանձնվող միջնադարյան շրջիկ թատերախմբի գաղափարը, համ էլ ասեց, որ մենք լավ ֆակտուրային հայկական դեմքեր ունենք, որ արժի օգտագործել էկրանին։ Էդտեղից էլ որոշեցինք ավելի սինեմատիկ պատկեր ստանալ։ Բայց ոչ լրիվ լրջի մեջ, այլ մի քիչ էլ հեգնական։ Դրա ամենավառ բաղադրիչը ֆինալում Աստծո կողմից ընծա ստացած դիջեյական վահանակն էր։

 

Ու չնայած աննորմալ ցուրտ էր ու ֆիզիկապես բարդ էր, բայց Անդոյի ու իր թիմի ֆանտաստիկ պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ ստացանք էն, ինչ ուզում էինք, ու իսկապես հպարտանում ենք էս հոլովակով։ 

 

 


 


Անդրանիկ Բերբերյան, ռեժիսոր

Այն բանից հետո, երբ առավոտյան ժամը 6-ին մեր ռեկվիզիտով լի ավտոբուսն ուղիղ լեռների մեջտեղում խրվեց ցեխի մեջ, մենք վարորդին ուղարկեցինք տուն ու թիմի մի մասին թողեցինք լոկացիայից 5 կիլոմետր հեռավորության վրա, դրանից հետո ամբողջ լոգիստիկան իրենց վրա վերցրին Fairwind-ի տղաները։ Իրենք էին ուսերին կրում բուտաֆորական գլուխները, իրենք էին տեղում կարգի բերում իրենց զգեստները, նույնիսկ պատրաստ էին պաշտպանել նկարահանող խմբին մոտակայքում ոռնացող գայլերից։ Այդ սթրեսը նրանց խաղին միայն ավելի շատ ռեալիզմ տվեց։

 

 

 

Վարդգեսը այնքան էր մտել կերպարի մեջ ու այդքան էր կապվել սրի հետ, որ սպառնում էր ինձ խոցել, եթե գոնե մի տեսարան չնկարահանեինք։ Արդյունքում մենք նկարահանեցինք նախատեսածից ավելին և արդեն ավել նյութից մոնտաժում ենք հոլովակի երկրորդ մասը։

հավելյալ նյութեր