Անլռելի գանգատատուն․ Սևակը, համացանցն ու Լևոն Թոքմաջյանի «լավագույն գործը»
Արդեն մի քանի օր է, ինչ հայոց համացանցը ցնցվում է Պարույր Սևակի նոր արձանի շուրջ ծավալվող աղմկոտ քննարկումներից։ Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոցի բակում տեղադրված քանդակը, որ հեղինակել է փորձառու Լևոն Թոքմաջյանը (Սարյան, Կարաբալա, Ենգիբարով), նորից վեր հանեց անլուծելի հարցեր հանրային արվեստի գնահատականի ու վերահսկողության մասին։ Արվեստաբան Հասմիկ Բարխուդարյանը փորձում է հասկանալ, թե ինչպես եղավ, որ այսպես եղավ։
Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի
2007 թվականին Լևոն Թոքմաջյանն աշխատում էր իր Գևորգ Չաուշի արձանի վրա Աջափնյակի «Կալցևոյում»։ Հայրս տուն եկավ ու ասաց․ «արի գնանք տեսնենք թե ոնց է աշխատում քանդակագործը, Լևոն Թոքմաջյանն ա, գիտե՞ս իրան»։ Ես չգիտեի, հայրս էլ միայն Սարյանի արձանը հիշեց իր գործերից։ Որոշեցինք գնալ։ Շատ էր տպավորել, երբեք չէի տեսել քանդակագործին աշխատանքի պրոցեսում։
2025 թվականն է։ Համացանցը ցնցվում է հերթական բուռն քննարկումներից։ Թեման՝ Լևոն Թոքմաջյանի հեղինակած Պարույր Սևակի մարմարե կիսանդրին էր, որը տեղադրվել է Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում։ Քննադատությունների, մեմերի, բողոքների հերթական ալիք, որը մի շարք հարցերի շուրջ մտածելու տեղիք է տալիս։

Գևորգ Չաուշի արձանը / լուսանկարը՝ visityerevan.am
Նախ՝ ինչու՞ ենք մենք այսքան զգայուն հայ մեծերի քանդակների հարցում, ինչու՞ ենք առհասարակ շարունակում կանգնեցնել այսքան շատ արձաններ, այն էլ՝ հեղինակած մի քանդակագործի կողմից, որի վերջին տարիների գործերը մեղմ ասած միանշանակ չեն ընդունվել հանրության կողմից, և, որ ամենակարևորն է՝ արդյո՞ք այդ բուռն արձագանքն ու բողոքն օբյեկտիվ է։
Ի՞նչ կարող է իմանալ ցանկացած մարդ Լևոն Թոքմաջյան քանդակագործի մասին օրինակ համացանցից. ՀՀ ժողովրդական նկարիչ է, 1969–ից Հայաստանի նկարիչների միության անդամ, Եվրասիական գեղարվեստի ակադեմիայի անդամ (1998, Բիշքեկ), 2008 թվականից՝ Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնում դասախոս, պրոֆեսոր։ Եվրասիական միջկոնտինենտալ, միջազգային գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս է։ 2010 թվականին Արգենտինայում մասնակցել է համաշխարհային բիենալեի, 2008 թվականին, 2009 թվականին և 2010 թվականին Պենզայում՝ Քանդակի միջազգային սիմպոզիումի։ 2010 թվականին արժանացել է Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանը՝ Էջմիածնում կատարած գործերի և վաստակի համար, և «Թեքեյան» ամենամյա մրցանակի։
Առաջին հայացքից, բնագավառից հեռու մարդու համար այս ամենը բավական տպավորիչ է։ Դե, ՀՀ ժողովրդական նկարիչ է, ի՞նչ եք ուզում։

Պարույր Սևակի արձանը՝ Զանգակատան միջնակարգ դպրոցի բակում / լուսանկերը՝ Պարույր Սևակի տուն-թանգարանի ֆբ-էջից
Եվ կարծես Սևակի քանդակի տեղադրումն արդարացնողների ամենածանրակշիռ հիմնավորումը հենց դա է, փորձառու է, բազմաթիվ քանդակների հեղինակ է և այլն։ Մի մասն էլ հիշեցնում է, թե՝ նվեր է քանդակագործի կողմից, պետական պատվեր չէ, համայնքը չի ֆինանսավորել, նվիրել է, համայնքն էլ ընդունել է։ Հետևաբար՝ ինչու՞ ոչ։ Դե համայնքի համար ինչ էլ անես՝ բարի գործ է, չէ՞։
Իսկ ահա քննադատությունները հանրային տարածքում, այն էլ կրթական հաստատության առջև նման քանդակի տեղադրման և դրա թույլտվության շուրջ են, հաշվի առնելով, որ քանդակագործին չի հաջողվել հասնել ո՛չ դիմանկարչական նմանության, ոչ ճիշտ համամասնությունների, ո՛չ էլ կերպարային ընդհանրականության, խառնվածքի ու մտավոր ներկայության փոխանցման։ Քանդակագործն իհարկե ձգտում է դիմանկարչական նմանության՝ դիտարկելով Սևակի դիմագծային առանձնահատկությունները, սակայն դրանք ընդգծելու փորձերը պսակվում են գրոտեսկով։
Մինչ այդ սոցմեդիան աղաղակում է․ «Երեխաներին ի՞նչ ենք սովորեցնում», «միջակ աշխատանք է», «սա մշակութային հետընթաց է», «մի՞թե Սևակն այսպիսին էր», «սա անարգանք է հենց իր՝ Սևակի հանդեպ»։
Մի մասն էլ տարակուսանքի մեջ է, չէ՞ որ Թոքմաջյանի մի շարք մոնումենտալ գործեր սիրված են երևանցիների կողմից, մասնավորապես՝ Մարտիրոս Սարյանի, Կարաբալայի, Լեոնիդ ենգիբարյանի, Անուշի ու Սարոյի, Արգիշտի արքայի արձանները։ Ու չնայած այս մի քանի գործերին, որոնց շուրջ գոնե կա որոշակի հանրային համաձայնություն, կան և շատ այլ գործեր, որոք իրենց ժամանակին նույնքան բուռն քննադատությունների են արժանացել հանրության կողմից, ինչպես օրինակ՝ Տիգրան Մեծերը (այո, դրանք երկուսն են), Ռուբեն Սևակի, Քըրք Քըրքորյանի, Սողոմոն Թեհլերյանի կիսանդրիները, գամփռը և շատ ուրիշ գործեր։

Տիգրան Մեծն ու Նոյը / լուսանկարը՝ visityerevan.am

Իրականում նույնիսկ քանդակագործի լավագույն աշխատանքը համարվող Մարտիրոս Սարյանի արձանի շուրջ կա անհամաձայնություն՝ հաշվի առնելով, որ հայտնի է արձանի կանգնեցման մրցույթին ներկայացված հայ մեծ քանդակագործ Ղուկաս Չուբարյանի և Սամվել Ղազարյանի էսքիզները, որոնք ըստ շատերի գեղարվեստական անհամեմատ ավելի մեծ արժեք ունեցող գործեր էին և ավելի լավ էին արտահայտում Սարյանի կերպարը և այդ տեսանկյունից անհասկանալի է վերջնական ընտրությունը հայտարարված մրցույթում։ Տպավորություն է, թե Թոքմաջայնը հասնում է իր ուզածին՝ լինի դա մրցույթ, պետական կամ մասնավոր պատվեր, և թե նույնիսկ պարզապես նվիրատվության գնով։
Լավ, իսկ ինչու՞ մենք Սևակի կիսանդրին չենք ընդունում. որովհետև այն նման չի Սևակի՞ն, թե՞ որովհետև մենք ունենք բավարար գիտելիք մեր քանդակագործական դպրոցի մասին ու ակնկալում ենք գեղագիտական այլ նշաձող, թե՞ որովհետև ժամանակի կողմից առաջ քաշված հասարակական պահանջների համատեքստում հայկական կերպարվեստի էվոլյուցիայի, իրականացման մեթոդի այլ, ժամանակակից մոտեցում ենք ցանկանում տեսնել։ Իսկ միգուցե բոլորը միասին։ Արդեն 1920-ականներից խորհրդային կարգերի հաստատումով հայկական քանդակը ձեռք բերեց հստակ մոնումենատալ ուղղվածություն՝ ներխուժելով հանրային տարածքներ ու լրացնելով ճարտարապետությունը։ Առաջնային էր լայն լսարանի հետ կապ հաստատելու, արվեստի միջոցով բնակչության բոլորովին նոր շերտեր ներգրավելու խնդիրը։ Միևնույն ժամանակ սահմանված էր գեղարվեստական լրջագույն նշաձող։ Այս ամենը քանդակագործների աշխատանքին հաղորդում էր հասարակական լուրջ համակարգային նշանակություն։
«Տագնապ», Էջմիածին / լուսանկարը՝ wikipedia.org
1960-ականներից, երբ երիտասարդ սերունդը փորձ էր անում վերագտնել հայ կերպարվեստը, հասկանալ, թե ո՞րն է ազգայինն ու որն է արդին, ի հայտ եկան նոր թեմաներ ու նոր մոտեցումներ։ Ազգային մոդեռնիզմն իր արտահայտումը գտավ նաև մոնումենտալ քանդակագործության մեջ։ Այդ տարիներին հատկապես աչքի ընկած քանդակագործների շարքում էին Արտաշես Հովսեփյանը, Արա Շիրազը, Յուրիկ Սամվելյանը, Սուրեն Նազարյանը, Նվարդ Զարյանը, Վիլյամ Պետրոսյանը, Ռուզան Քյուրքչյանը, և այլոք, որոնք ընդլայնեցին քանդակագործության խնդիրների այն ընկալումը, որը մինչ այդ արդեն ձևավորված էր Հայաստանում։ Լևոն Թոքմաջյանը ևս արվեստագետների այս սերնդից է։
Ի հայտ եկան դիմանկարներ, որտեղ մարդն արդեն կարող էր լիրիկական կերպար լինել։ Մոնումենտալ քանդակը ձեռք բերեց պլաստիկական նոր լեզու, կոմպոզիցիոն ու տեխնիկական նոր, համարձակ մոտեցումներ, ազգային մոտիվներ։ Այսպիսով հանրային տարածքը ձեռք բերեց գունային և ձևաոճական բազմազանություն։
Շատերն են նշում՝ Թոքմաջյանի վաղ գործերը հաջող էին։ Իսկ ի՞նչ եղավ հետո, և ինչու՞ արդեն 70-ականներից մենք այսքան իջեցրինք նշաձողը։ Ինչպե՞ս եղավ, որ Թոքմաջյանը վերածվեց քանդակագործի, որը հաշտ եղավ պատվերը բաց չթողնելու, մրցույթ հաղթելու մտքի հետ՝ գեղարվեստական ցածրարժեքության, տեխնիկապես թերի աշխատանքների ու պսևդոազգայինի գնով։ Իսկ միգուցե սա հենց այն արվեստն է, որը լավագույնս արտահայտում է ժամանակի սոցիալ–քաղաքական պատկերը 70-80–ականներից ի վեր։ Էլ ինչի՞ ենք բողոքում։
Արգիշտի Ա / լուսանկարը՝ wikipedia.org
Տիգրան Մեծ / լուսանկարը՝ wikipedia.org
Եվ մինչ սրամիտ մեմաստեղծները նոր արձանը համեմատում են «Գահերի խաղի» Թիրիոն Լաննիստերին, իսկ Պարույր Սևակի տուն-թանգարանը համացանցում հարցում է անցկացնում, թե՝ արժե պահե՞լ քանդակը, թե՞ հեռացնել, Panorama.am–ի հետ զրույցում ինքը՝ քանդակագործն ասում է. «Համարում եմ իմ լավագույն գործը», նաև հավելում. «Գիտեք, առաջին հայացքից հեշտ է ստեղծել Սևակի քանդակը՝ հաստ շրթունքներ, գանգուր մազեր։ Կոպիտ ասեմ՝ գեղեցիկ տղամարդ չի եղել Սևակը, բայց այդ ամենի մեջ թաքնված է եղել շատ մեծ մարդասեր, շատ կանայք էին սիրահարվում Սևակին։ Ես ունեի Սևակի իմ պատկերը։ Ես համարում եմ, որ իմ ստեղծած քանդակը «Անլռելի զանգակատուն» է, բոլորն էլ այդպես ընկալեցին։ Գրառումներին ծանոթ չեմ, բայց ինձ համար խորթ չէ, իմ թշնամիները տարիներ շարունակ իմ հետևից գրել են։ Ես համարում եմ Սևակի կերպարի բացահայտում, հայտնագործություն ինձ համար»։
Փաստորեն քանդակագործի համար բոլոր քննադատությունները թշնամիների ձեռքի գործն են, չեն պարունակում օբյեկտիվություն, իսկ Պարույր Սևակի կիսանդրին իր լավագույն գործն է, ավելի լավը, քան նույնիսկ Սարյանի արձա՞նը (այս հարցում նույնիսկ իրեն պաշտպանողները դժվար թե համաձայնեն)։ ՀՀ ժողովրդական նկարիչն իր ստեղծագործությունը նվիրում է ժողովրդին, արվեստանոցից հանրային տարածք բերելով և չցանկանալով նույնիսկ լսել նվերի հասցեատիրոջ կարծիքն իր նվերի մասին։

Ինչ լավ էր հեռավոր 2007-ին Աջափնյակի «Կալցևոյում», երբ ես՝ դպրոցական արվեստասերս, հիացած աչքերով էի նայում Թոքմաջյանին ու չէի էլ կասկածում, որ հայ մոնումենտալ քանդակագործության անկման գործընթացն արդեն վաղուց ընթացքի մեջ էր։