Նիկոլաս Ջաար․ «Չեմ կարծում, որ այսօր նման բան կանեի»
Համերգ

Նիկոլաս Ջաար․ «Չեմ կարծում, որ այսօր նման բան կանեի»

Դեկտեմբերի 20-ին ու 21-ին Նիկոլաս Ջաարը առաջին անգամ Հայաստանում կկատարի իր «Pomegranates» ալբոմը, որ գրել է՝ ոգեշնչվելով Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնից»։ Ելույթներից առաջ երաժիշտը պատասխանել է ԵՐԵՎԱՆի հարցերին՝ ալբոմի ստեղծման, համերգի ու Փարաջանովի արվեստի հետ հարաբերությունների մասին։

Հարցազրույցը՝ Արտավազդ Եղիազարյանի

 

Լուսանկարները՝ Դավիթ Ներսիսյանի / @nersisyandav

 

Տոմսերը՝ Urvakan.com

 

ԵՐԵՎԱՆի Patreon-ում միայն մեր աջակիցների համար գործում է պրոմո-կոդ, որով Urvakan Ayl-ի տոմսերը կարելի է գնել 50% զեղչով

#Արվեստ #Փարաջանով100

Ասում են, որ «Նռան գույնը» առաջին անգամ դիտել եք ընկերոջ խորհրդով։ Հիշո՞ւմ եք՝ ինչ հանգամանքներում։ Ո՞րն էր առաջին տպավորությունը։

 

Առաջին զգացողությունս էր․ «Վերջապե՜ս»։ Կարծես երկար սպասել էի մի ֆիլմի, որը պատմությունը կպատմեր հենց այսպես՝ խորհրդանշանների ու պոեզիայի լեզվով։ Այդ պահին Փարաջանովի մասին գրեթե ոչինչ չգիտեի։ Կապը շատ ուժեղ էր, բայց ամբողջությամբ ինտուիտիվ։ Իմ ընկեր Մայլո Քորդելն էր, որ ինձ ուղարկել էր ֆիլմը՝ լսելով այն երաժշտությունը, որը ես այդ շրջանում գրում էի։ Նա ասել էր․ «Քո նոր գործերը ինձ հիշեցնում են այս ֆիլմը»։ 

 

Ֆիլմը դիտելուց հետո նորից միացրեցի այն, այս անգամ՝ իմ ալբոմի հետ միասին, և ամեն ինչ հանկարծ իմաստ ստացավ։ Բայց դա շատ միամիտ, երիտասարդական քայլ էր… տասը տարի առաջ էր… ես 25 տարեկան էի։ Չեմ կարծում, որ այսօր նման բան կանեի։ Իհարկե, հիմա հաստատ մտածում եմ, որ ֆիլմը որևէ այլ երաժշտության կարիք չունի․ այն կատարյալ է այնպես, ինչպես սկզբնապես մտածված է եղել։

 

 

Համերգին նախապատրաստվելիս

 

YouTube-ում ամբողջական ֆիլմի/ալբոմի մեկնաբանություններից մեկում գրված է․ «2010-ականներին ստեղծված երաժշտություն՝ 1960-ականների ֆիլմի համար, որը պատմում է 18-րդ դարի բանաստեղծի մասին»։ Մտածե՞լ եք այս ժամանակային ու մշակութային համագործակցության մասին՝ ձեր, Փարաջանովի և Սայաթ-Նովայի միջև։

 

Չէի ասի, որ դա համագործակցություն է։ Ավելի շուտ՝ ես ինքս ինձ՝ առանց հրավերի, խցկել եմ այդ պատմության մեջ։ (ծիծաղում է)

 

«Pomegranates» ալբոմի կատարումներից մեկը

 

Urvakan Ayl-ի շրջանակում դուք առաջին անգամ կենդանի կկատարեք «Pomegranates»-ը։ Ի՞նչ դժվարություններ ունի այս կատարումը։

 

Դժվարություններ շատ կան, բայց նաև շատ գեղեցիկ պահեր։ Urvakan-ի գաղափարն էր ներկայացումը իրականացնել տեղի երաժիշտների հետ, և այդպես ես համագործակցում եմ «Գուրջիեֆֆ» անսամբլի, Լևոն Էսքենյանի, ինչպես նաև երգչուհիներ Ջուլիանա Բերբերյանի և Ժաննա Դավթյանի հետ։ Նրանց արվեստի խորությունն ու վարպետությունը ինձ իսկապես ապշեցրել են․ այս տարածաշրջանի երաժշտությունը նրանց միջոցով բացահայտելը մեծ նվեր է ինձ համար։

 

Իհարկե, գլխավոր դժվարությունն այն է, որ Pomegranates-ը չի գրվել ու երբևէ չի դիտարկվել որպես «հայկական երաժշտություն»։ Ես այն ստեղծել էի դեռևս Փարաջանովի ֆիլմը դիտելուց առաջ։ Հիմա, երբ աշխատում ենք անսամբլի և երգչուհիների հետ, փորձում ենք միավորել տարբեր աշխարհներ։ Ծրագրում ընդգրկելու ենք Սայաթ-Նովայի, Բաղդասար Դպիրի բանաստեղծություններ, մի գործ՝ Գեորգի Գուրջիևից և այլ նյութեր, այնպես որ սա պարզապես Pomegranates չի լինելու։ Հույս ունեմ իմ մասնակցությունն ունենալ մեծ հարգանքով և սիրով այս տարածաշրջանի երաժշտության հանդեպ՝ միաժամանակ հավատարիմ մնալով Pomegranates-ի բնօրինակ կոմպոզիցիաներին։

 

 

 

Նիկոլաս Ջաարը չիլիացի-ամերիկացի կոմպոզիտոր, պրոդյուսեր և կատարող է, որի ստեղծագործությունը միավորում է էլեկտրոնային երաժշտությունը, ձայնային արվեստն ու քաղաքական-փիլիսոփայական մտածողությունը։ Ծնվել է 1990 թվականին Նյու Յորքում, մեծացել բազմամշակութային միջավայրում, որն էականորեն ձևավորել է նրա գեղարվեստական լեզուն։ Ջաարը լայն ճանաչում է ստացել իր սոլո ալբոմներով (նշանակալից ձայնագրություններն են Space Is Only Noise (2011), Sirens (2016) և Cenizas (2020) ալբոմները), ինչպես նաև Darkside նախագծի շրջանակում

 

Ինչպե՞ս ծանոթացաք «Գուրջիեֆֆ» անսամբլին ու մյուս կատարողներին, որոնք կլինեն ձեզ հետ բեմում։

 

Urvakan-ն առաջարկեց աշխատել նրանց հետ, և ես անմիջապես տպավորվեցի այն խոր և գեղեցիկ աշխատանքից, որը նրանք անում են։ Նրանց հետ հանդիպելն ու համագործակցելը երազանքի նման բան էր։ Ամեն ինչ շատ համահունչ ձևով է ընթանում․ Լևոնը համատեղ ղեկավարում է ներկայացումը, առաջարկում հատվածներ, գաղափարներ, բանաստեղծություններ, իսկ Ժաննան ու Ջուլիանան նույնպես ակտիվորեն ներգրավված են՝ առաջարկելով, թե ինչ կարող ենք կատարել։ Ընդհանրապես, էստեղ բոլորն առատաձեռն ու բաց են․ երաժիշտների ու Urvakan-ի թիմի հետ պտտվել եմ քաղաքով, ծանոթացել Հայաստանին շատ նուրբ ու մարդկային ձևով։ Այս մեծահոգության համար անչափ երախտապարտ եմ։

հավելյալ նյութեր