Կարեն Անտաշյան․ «Լավ Պրծա․ կարճապատումներ»
Նոր գիրք

Կարեն Անտաշյան․ «Լավ Պրծա․ կարճապատումներ»

«Գրանիշ» հրատարակչությունում լույս է տեսել Կարեն Անտաշյանի «Լավ պրծա» ժողովածուն, որը, ըստ հեղինակի բնորոշման՝ վավերագրական սթենդ-ափ է՝ գրված հուշագրության լեզվով։ ԵՐԵՎԱՆը ներկայացնում է գրքից երկու կարճապատում՝ երկուսն էլ ճամփորդական, երկուսն էլ Անտաշյանի գրչընկերների (բանաստղեղծ Գեմաֆին Գասպարյանի ու արձակագիր Արամ Պաչյանի) մասնակցությամբ

Տեքստը՝ Կարեն Անտաշյանի («Լավ Պրծա․ կարճապատումներ» գրքից)

 

Գլխանկարը՝ «Գրանիշ» հրատարակչության

 

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 13-ին

Վենետիկյան ոդիսական

Մի տասնըքանի տարի առաջ ինձ ու Արամ Պաչյանին հրավիրել էին Ժնևի գրքի սալոն՝ հայկական տաղավարում երևալու։ Երկուսիս համար էլ, կարծեմ, առաջին եվրոպական այցելությունն էր, ու հայտնի չէր՝ կլինի՞ էլ այսպիսի հնարավորություն, թե՞ չէ, դրա համար ուզում էինք առավելագույնը քամել։

 

Ուղևորությունը հինգ օրով էր, իսկ մեր անելիքը՝ երկու օրվա, ուստի ազատ օրերին որոշեցինք գնալ Վենետիկ՝ հատկապես Սուրբ Ղազար կղզին այցելելու սևեռումով։ Ես՝ իմ «Անտաշատը», Արամն իր նոր լույս տեսած «Ռոբինզոնը» հայոց պայծառատենչ մտքի ու միաբանության այդ կուռ տաճարին նվիրաբերելու մտադրությամբ խնամքով դրեցինք ուսապարկերը, օրապահիկի համեստ եվրոները վրա եկանք ու գնեցինք օրումեջ հասանելի Ժնև-Վենետիկ ուղիղ գնացքի բավականին թանկարժեք տոմսը՝ հետադարձով։ Գումարի մնացորդն էլ իբր պիտի հերիքեր տեղում գիշերակացի ու այլ ծախսերի համար։

 

Մեկնելու առավոտյան, չգիտեմ ինչու, մի քանի րոպե ուշ դուրս եկանք տնից և ուշացանք օդանավակայան գնացող ավտոբուսից։ Հաջորդը ուղիղ հինգ րոպե հետո էր, բայց էդ հինգ րոպեն որոշիչ դարձավ, ու գնացքների կայարան հասանք միայն էն պահին, երբ մեր գնացքն արդեն շարժվել էր՝ ուղիղ տոմսակում գրված ժամին՝ վայրկյանի ճշտությամբ։ Ատեցինք շվեյցարական ժամացույցային ճշտապահությունը։ Մեր հուսահատ վայվույին տոմսավաճառ մադամն ասաց, որ միակ այլընտրանքը երեք գնացք փոխելով այսօր ուշ գիշերով Վենետիկ հասնելն է, որի համար վճարվելիք գումարը գրեթե մեր ողջ կարողությունն էր էդ պահի։

 

Դրամա, ողբերգություն։ Լոմկված դուրս եկանք կայարանից ու մոտակա այգում նստած՝ մեր հայի բախտն էինք քրֆում, ուտում հետներս տարած լավաշն ու բաստուրման և քշում մեր համեստ նախաճաշի վրա աչք դրած բադերին, երբ երկուսս էլ հաստատակամ եկանք էն մտքին, որ, նախույ, ամեն գնով պետք է իրագործել նպատակադրածը։ Գնեցինք էդ երեք տրանզիտներով տոմսը, որոնցից մեկի միջակայքը մի տասը րոպե էլ չէր։ Ահավոր մեծ էր ռիսկը՝ գնալ մի տեղ կորչելու ու մեր հետադարձ թռիչքը վրիպելու, բայց Վենետիկը տեսնելու իղձն էնքան մեծ էր, որ գնացինք։

 

Մի ամբողջ օր գնացքներում, լարված գնացքից գնացք վազելու շնչակտուր մոլեգնության արանքում, անվերջ քննարկում էինք մեր էն գրողներին, որ անհույս սիրահարված էին եղել Վենետիկին։ Պաչյանը փայփայում էր հետը բերած Բրոդսկու հատորը, հետո շոշափում էինք Սուրբ Ղազարը՝ որպես հայու եվրոպական լուսավորչական ինքնության ձևակերպման ու պահպանման բացառիկ օջախ, հիշում բոլոր հայ մեծերին, որ միաբանության կամարների տակ գտել են իրենց, ներծծվել այդ հոգևոր ինտելեկտուալ կաճառի ոգով ու կայացել։ Մի տեսակ թաքուն կերպով նաև ինքներս մեզ էինք դասում այդ արևմտյան կողմն աշխարհի, ինչը պետք է լեգիտիմություն ստանար այս ուխտագնացությամբ։

 

Ուշ գիշերով հասանք տեղ և էժան գիշերակացի հույսով «կոլեջո արմենո, կոլեջո արմենո» ասելով՝ գտանք համեստ հյուրատան վերածված Մուրադ-Ռափայելյան վարժարանը, որտեղ, ինչպես լսել էինք, հայերին խորհրդանշական գումարով գիշերակաց են տալիս։ Ստացվեց։ Առավոտյան՝ ուսանողական հանրակացարան հիշեցնող չորուկ մահճակալներին մի կերպ լուսացնելուց հետո, մեր գրքերը ուսապարկերում վերստուգելուց հետո, վենետիկյան դասական շքեղ ինտերիերով միջանցքներում Վարուժանի դեգերող շաշ հոգին երևակայելուց հետո՝ շտապեցինք Սուրբ Ղազար տանող նավակը որսալու։ Ռիալտոյի կամրջի մոտով անցնելիս բամբասեցինք կայֆարիկ ու բոզարած Իսահակյանի հոգեմաշ ալագյազյան կարոտից, Սան Մարկոյի հրապարակում հիշեցինք այս ճոխ պալացցոների մեջ աներես ղշերով պաշարված Չարենցի գեժ ու հուսահատ հրճվանքը։

 

Եվ, ահա, մենք՝ ինքներս մեզ նոր ժամանակների երկու նոր գրող համարողներս, պահի պատմականության ողջ դրամատիզմը սրտներումս, նավով ճողփում ենք դեպի Սան Լացցարո, որ հայ գրական մտքի նորագույն նվաճումները՝ մեր նորաթուխ գրքերը, հանձնենք միաբանությանը, որի եղբայրական առնչակիցն ենք ամենքս մեր մեջ մեզ հռչակել։ Չենք կիսվում, բայց զգում ենք, որ երկուսիս մտքում էլ մեր պատվո այցի՝ Սուրբ Ղազար կղզում մեր ընդունելության պատկառելի պրոտոկոլի սցենարն է խաղարկվում։

 

Վերջապես նավը խարսխվում է։ Հայկական որևէ նշան չունեցող տուրիստների խմբի մեջ առաջանում ենք շտապով՝ մեզ համարելով առավել կարևոր ու առավել նշանակալից՝ էնքան, որ նկարվելու եկած այս անհասկանալի մարդկանց խմբի մեջ։ Մոտենում ենք պարիսպներից ներս անցնելու համար նախատեսված միակ մուտքի մոտ բացված լուսամուտիկին, որտեղից մեզ է նայում վերածննդյան երկարամազ իտալացու ոճով ու հայկական դիմագծերով մի երիտասարդ տղա։

 

Հիմա կսկսվի՝ մտածում ենք։ — Բարև ձեզ,— հայերենով ասում ենք միանգամից։ Տղան գլխով է անում։ — Բարև ձեզ, մենք հայ ենք,— ոգևորված ասում ենք մենք։ Տղան ժպտալու ու խանդավառություն ձևացնելու նման մի դեմքով ասում է. — Փարե՜եվ։ — Դուք մեզ չեք ճանաչում, բայց մենք հայ գրողներ ենք,— հայտարարում ենք էն ակնարկով, որ ներողամիտ ենք էդ թյուրիմացության համար, շուտով տեղը կբերես մեզ։ Տղան հուսահատ գլխով է անում,— Հմմ։ — Մենք Ժնևից ենք, ավելի ճիշտ՝ Երևանից ենք, բայց այստեղ Ժնևից ենք եկել, հատուկ եկել ենք աբբահայրերից մեկին հանդիպելու։

 

Տղան ձանձրացկոտ հուսահատությամբ շարունակում է գլխով անել, մի քիչ առաջ է գալիս դեպի պատուհանը ու ձեռքով ցույց տալիս ձախ կողմ. նայում ենք՝ Սուրբ Ղազար կաթոլիկ վանքի գմբեթն է երևում։ Ասում ենք. — Այո, այո, եկել ենք մեր գրքերը միաբանությանը նվիրելու, մեր հայերեն գրքերը, հայ ժամանակակից գրականություն, եղե՞լ եք Հայաստանում։

 

Տղան էլի է առաջ գալիս ու ձեռքով ցույց տալիս ավելի կոնկրետ պատի վրա ձախ կողմում կախված գնացուցակի պես բանը, որը մինչ այդ, չգիտես ինչու, չէինք նկատել։ — Ի՞նչ։ Չենք հասկանում,— խլշկոտում ենք մենք։ — Տոմսագը յոթ էուրո է, վճարեցե՛ք, նէ՝ անցե՛ք,— ասում է երիտասարդը՝ Տիցիանի կտավներից իջած Քրիստոսի երանավետ ջղաձգումով դեմքի արտահայտությամբ՝ ձեռքով ցույց տալով մեր թիկունքում անհանգիստ երերացող տասնյակից ավել «մեր պես» տուրիստների հերթը։

 

Վճարեցինք ու անցանք։ Ներսում էլ ոչ ոքի չհետապնդեցինք մեր օրակարգով, ու լավ էր, որ դեռ երկու օրվա բաստուրմա ու լավաշ ունեի ուսապարկումս։

 


 

 


 

Հայի բախտ

Մի տասը տարի առաջ ես ու իմ ընկեր Գեմաֆինը Դուբայ էինք գնացել։ Այցը գործնական էր՝ ընդամենը երեք օրով. ինքը նոր հիմնադրվող «Բուն TV»-ի համար պետք է տեխնիկա գներ, ես՝ նոր բնակարանիս համար կահույք։ Որոշել էինք առաջին օրը նվիրել իր գործերին, երկրորդ օրը՝ իմ, իսկ երրորդ օրը՝ հանգստանալ արկածախնդիր տուրիստի պես։

 

Գեմոն իր գնումները կատարեց մինչև առաջին օրվա կեսօրը, իսկ հաջորդ երկուսուկես օրերին առավոտից գիշեր ես նրան կազմաքանդող շոգի տակ քարշ տվեցի կահույքի հսկա խանութաշարերով, որոնք Դուբայում չափվում են ոչ թե մետրերով, այլ քառակուսի կիլոմետրերով։ Ամբողջական թաղամասեր նվիրված են միայն դիվանին, ևս երկուսը՝ ննջասենյակի կահույքին, խոհանոցային պահարաններին նվիրված արվարձաններ կան։ Այսպես՝ ամենը մանրամասն նայելով, դիտարկելով, խոսարկելով, մոտարկելով, մեր համեստ ուղևորության վերջին երեկոյան պարզվեց, որ հսկա ապրանքացանկից ես գնել եմ միայն մեկ կանաչի կտրտելու տախտակ և երեք փայտե թասիկ։ Գեմոն համբերատար ու արդյունավետ ուղեկցել էր ինձ ողջ ընթացքում, իսկ հիմա ակնհայտորեն տխուր էր, իսկ ես, պարզ է՝ ավիրված։

 

Արդեն մութն ընկել էր, բայց ասեցինք՝ լավ, թեկուզ գիշերով, բայց գոնե ծովափ գնանք, մի քիչ ցրվենք։ Չգիտեմ՝ ոնց էինք բռնել այդ անալոգային տաքսիստին. պակիստանցի էր, ասող-խոսող տղա, ասեց՝ ձեզ ամենալավ ափը կտանեմ։ Արագընթաց ճանապարհներով քշեց մի ժամի չափ՝ հաշվիչի վրա ահագին մեծ գումար հավաքելով, հետո կայանեց մի կիսամութ փողոցում՝ ասելով՝ այս շենքերի հետևում է այդ «բոմբ» ծովափնյա տեղը։ Դե հասցրել էինք մտերմանալ արդեն, վճարեցինք հարազատի պես՝ տեղ հասած լինելու ուրախությունից ոգևորված։ Իջանք, ինքը ճռռացրած գնաց, իսկ մենք հայտնաբերեցինք, որ ինչ-որ անմարդաբնակ տեղում ենք, իսկ շենքերի հետևում ոչ թե լողափ է, այլ ափամերձ հսկա շինհրապարակ, որտեղ մեզ թույլ չտվեցին մտնել։

 

Անարդարության խորը զգացումով քայլում ենք դեպի X ուղղությամբ՝ որևէ տեղից ծովին մոտենալու համար։ Մի երկու կիլոմետրից կիսախավարի մեջ թրթռացող գունավոր լույսերով պարուրված մի հսկա ծովահայաց ակումբի հասանք, որի մուտքի մոտ սիրուն հագնված կանանց ու տղամարդկանց ներհոսք ու արտահոսք կար։ Դե մենք էլ հագնված էինք ոնց պատահի, բայց ինքնավստահ դեմքի արտահայտությամբ մոտեցանք, որ ներխուժենք քաղցր կյանք, բայց անվտանգությունը դեմներս կտրեց ու ձեռքով ցույց տվեց միակ տեղը, ուր կարող էր մեզ ուղարկել՝ գրողի ծոցը։

 

Եռակի ձախողման հուսահատության մեջ ակումբի կողքից մի խորշ գտանք, որտեղից ամեն դեպքում կարելի էր մոտենալ ծովին։ Կատարյալ խավարի մեջ առկայծող ակումբային շոուի գույնզգույն լույսերը թեթև լուսավորում էին ափի այդ հատվածը, համենայն դեպս՝ գոնե ավազի ու ջրի սահմանագիծը նշմարվում էր, ուր և հանգրվանեցինք մեր դեպրեսիվ տրամադրությամբ։ Մթնում լողալ չարժեր, ուղղակի մինչև շորտերի թրջվելը խորանում, հետ էինք գալիս մանրիկ ալիքների մեջ, հետո քայլում էինք ջրի երկայնքով ու մխիթարվում այս հանգստությամբ։

 

Ինքներս էլ չնկատեցինք, թե ինչպես դրամատիկ տրամադրությունները մեզ տարան հայի լեզվից միշտ կախված ինքնաքննադատական էկզիստենցիալ դիսկուրսի ոլորտներ, ուր մեր հուսահատ դատապարտվածությունն իբրև տեսակ քննարկելու հետ, աշխարհից ու հավաքական բախտից վիրավորվածության հետ, առանց հատուկ պլանի սկսեցինք ավազից Արարատ լեռը սարքել։ Հսկա, երկգագաթ Արարատ էր՝ երևի մի մետրաչափ բարձրության։ Ֆիզիկական աշխատանքը մեղմում էր վիրավորվածության զգացումն ու հանգստացնում։ Ոգևորված՝ բռնեբուռ թաց ավազ էինք բերում ու շաղում երկգագաթ լեռան լանջերին, ձեռքով մանրամասն սվաղում, շոյում, ողորկացնում, սիրունացնում մեր Արարատին, նրան հաղորդում էպիկական պրկություն։

 

Արարատը պատրաստ էր, բայց մենք դեռ չէինք անցել հայոց ողջ պատմաքաղաքական պարունակներով և գաղջ հայաստանի ակտուալ քաղաքական նարատիվներով։ Սիրտներս լցված խոսում էինք, ուստի ձեռնամուխ եղանք նաև նրա ստորոտում հսկա տապանի կառուցմանը։ Արդեն կեսգիշերն անց էր ու էս ակումբականները սկսեցին մանրից ցրվել։ Մի մասը դեպի մեզ էր գալիս՝ երևի ծովեզրով քայլելու։ Սկզբում բանի տեղ չդրեցի, բայց ինչ-որ պահի նկատեցի, որ երբ ոգևորված մոտենում են, մեզ հասնելուն պես կտրուկ փոխում են իրենց ճամփան՝ ինչքան հնարավոր է մեծ կորով մեզ շրջանցելու համար։ Գեմոյի ուշադրությունը նույնպես հրավիրեցի այս հանգամանքի վրա։ Հիմա կանգնել ենք մեր Արարատի, տապանի ու ծովի միջև և քննախույզ նայում ենք մանր ու մեծ խմբերով մեզ մոտեցող ու հետո ցուցադրական, արագ շրջանցող մարդկանց խմբերին ու փորձում հասկանալ էս աշխարհում հայի մարգինալացման կեղտոտ դավադրության ակունքները։

 

Ալիքներն արդեն սկսել էին աշխուժանալ ու մեր մերկ ոտքերին զարնվելով՝ հասնում էին նաև մեր ստեղծած հարանցիկ արտ-օբյեկտներին՝ մանր պատառներ լիզելով դրանցից։ Էդ ուշադրության սևեռումից երկուսիս միտքն էլ միանգամից փայլատակեց՝ ախր էս մարդիկ չգիտեն՝ ինչ է Արարատը, նրանց տեսակետից մենք կասկածելի արտաքինով երկու գյադա ենք՝ մանրածախ առևտրականներ կամ սևագործ միգրանտներ, որ գործից հետո կիսախավարի մեջ երկու հսկա ծիծիկ են սարքել, դրանց ներքևում էլ կաթիլաձև, սնամեջ ինչ-որ կասկածելի բան ու կանգնել՝ հիանում են իրենց ձեռքբերումներով․․․ ու մեր ծիծաղն էլ եկավ մեր արածի վրա։

 

Ծովն արդեն ավիրել էր վագինալ տապանն ու ավազե ծիծիկները, որոշեցինք քայլել որևէ ուղղությամբ՝ այս օտար-ամայի փակուղուց ելք գտնելու համար։ Տրամադրություններս լավ էր ու էլ ավելի լավացավ, երբ անծայրածիր ծովեզերքի կիսախավար ավազներում գրեթե անհավանական մի հավանականությամբ փող գտանք՝ մի երեք հարյուր քանի ֆունտ, և հանուն գիտականորեն ճշգրտվող մոդելի բալանսավորման՝ այս հանգամանքը նույնպես վերագրեցինք «հայի բախտ» կասկածելի հմայագրի զորությանը։

 

հավելյալ նյութեր