Ինժեներական քաղաք
Բարձր տեխնոլոգիաներ

Ինժեներական քաղաք

2020 թվականից Կառավարության որոշմամբ կառուցվում և բովանդակությամբ է լցվում «Ինժեներական քաղաք 2»-ը: Սա պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ ԲՏԱ նախարարության գործուն աջակցությամբ, Համաշխարհային բանկի և մասնավոր հատվածի համագործակցությամբ: ԵՐԵՎԱՆը շրջել է քաղաքով՝ ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հետ։

Տեքստը՝ Սոնա Խաչատրյանի


Լուսանկարները՝ Կարեն Սարդարյանի, ՁԻՀ

 

ԵՐԵՎԱՆ #90 | 2025

#ՏՏ

Քաղաքից բարձրացողները

Ջրվեժի մատույցներում է գործում «Ինժեներական քաղաքը»։ Տեղանքը պատահական չէ ընտրված. համալսարաններից այստեղ հասնելն ընդամենը 15 րոպե է տևում, իսկ բացվող տեսարանը՝ Արարատը, Արագածը, Արայի և Հատիս լեռները, ամեն օր նոր ներշնչանք է դառնում ճարտարագետների համար։ 

 

«Երբ այստեղ առաջին անգամ էինք գալիս, տարածքը գրեթե դատարկ էր. ոչ մի շարժ, ոչ մի ձայն։ Այսօր նույն այդ վայրում կանգնած է «Ինժեներական քաղաքը»՝ մարդկանցով ու գաղափարներով լեցուն»,– ասում է Բագրատ Ենգիբարյանը։ «Ինժեներական քաղաքի» կառուցման հետ մեկտեղ գնալով ավելանում են շրջակայքի բնակելի տները, և գուցե վաղը հենց այդ նույն թաղամասում մեծացող երեխաները ևս կհետաքրքրվեն ճարտարագիտությամբ ու կմիանան նոր սերնդի ճարտարագետներին։

 

Բագրատ Ենգիբարյանը

 

Այսօրվա «քաղաքը»

Բագրևանդ 21/1 և 52/16 հասցեներում գործում են «Ինժեներական քաղաքի» երկու գոտիները, որոնք իրարից բաժանված են ընդամենը մեկ փողոցով: «Ինժեներական քաղաք 1»-ն արդեն իրականություն է։ Այստեղ է տեղակայված Ինժեներական պլազան, որտեղ գործում է ճարտարագիտական արտադրամասը։ Նույն շենքում է նաև National Instruments–Emerson-ի Երևանի գրասենյակը։ Կից տարածքում գործում են երկու թանգարանները, կոնֆերանսների դահլիճը, գրադարանը, ինչպես նաև մի շարք ճարտարագիտական ընկերությունների գրասենյակներ, նաև կաֆետերիան, որը ևս իր դերակատարումն ունի ճարտարագիտական այս համայնքում. հենց այստեղ էլ հաճախակի ծնվում են նոր գաղափարներ և համագործակցություններ։

 

«Ինժեներական քաղաք 2»-ում կառուցապատման աշխատանքներն ակտիվ ընթացքում են։ 2024-ի մայիսից ԻՔ 2-ում գործունեություն է ծավալում «Ազգային գերհամակարգչային կենտրոնը» և առաջին ռեզիդենտ ընկերությունը՝ «Հայլինք Թեքնոլոջիսը»։ Ընդհանուր առմամբ՝ տարածքում կառուցվելու է բարձր տեխնոլոգիական 21 ընկերությունների շենքեր։

 

ԻՔ 2-ում արդեն պաշտոնապես բացվել է Բարձր տեխնոլոգիական աքսելերատորը, որի նպատակը յուրահատուկ և նորարարական էկոհամակարգ ստեղծելն է։ Այստեղ բարձր տեխնոլոգիական և ինժեներական ընկերությունները, այդ թվում՝ սկսնակ թիմերը միավորում են իրենց գաղափարները, հմտությունները և ռեսուրսները՝ կառուցելով միջավայր, որտեղ կարող են միասին աշխատել, նախատիպավորել, փորձարկել, վերապատրաստվել և իրականացնել համագործակցային նախագծեր։ Աքսելերատորում գործում է «Առաջադեմ հետազոտությունների կենտրոնը, որը հիմնվել է ՁԻՀ-ի և գործընկերների՝ Synopsys-ի, National Instruments Emerson-ի և միջազգային կառույցների հետ համատեղ։ Կենտրոնն իրականացնում է հետազոտական ծրագրեր հինգ ուղղություններով՝ ավիատիեզերական արդյունաբերություն, կիսահաղորդիչներ, ավտոմոբիլային արդյունաբերություն, խելացի արտադրություն և կիբեռանվտանգություն։ Բագրատ Ենգիբարյանը բացատրում է, որ այսպիսով «զբաղվում ենք ոչ թե այսօրվա խնդիրներով, այլ՝ ապագայի մարտահրավերներով»: 

 

Այժմ «Ինժեներական քաղաքում» ընդհանուր առմամբ գործում են 29 բարձր տեխնոլոգիական և ճարտարագիտական ընկերություններ, և դրանց թիվը գնալով աճում է։ Դինամիկ զարգացող ոլորտներում այսօր աշխատում են 350-ից ավելի բարձրակարգ մասնագետներ։

 

 

Դժվարությունների մասին
«Դժվարությունների ու տարաբնույթ մարտահրավերների շնորհիվ էլ ծնվում են ամենահետաքրքիր լուծումները։ Ճարտարագետը սովոր է ոչ թե խուսափել խնդրից, այլ գտնել լուծումներ։ Երբեմն խնդիրները գալիս են շատ պրակտիկ հարթությունից՝ տեխնիկական, ֆինանսական կամ կառավարման, բայց ամեն անգամ փորձում ենք մոտենալ դրանց ստեղծագործաբար։ Ճարտարագետը չպիտի հարցնի՝ «կարո՞ղ ենք անել», այլ՝ ասի «ինչպե՞ս անել ավելի լավ»։ Այդ մտածելակերպն է, որ «Ինժեներական քաղաքը» դարձնում է ոչ միայն աշխատանքային տարածք, այլ մի ամբողջական առաջադեմ էկոհամակարգ»։

 

Գրավիչ միջավայրի ստեղծում 

Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ «Ինժեներական քաղաքի» գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արդեն նկատվում էր զգալի առաջընթաց։ «Սակայն դա բարձր տեխնոլոգիաների ընդամենը մեկ ճյուղն էր, և մենք ցանկանում էինք զարգացնել նաև ճարտարագիտությունը՝ որպես բազմաճյուղ և բազմակողմ համակարգ»,– ընդգծում է նա։

 

Ենգիբարյանը հավելում է, որ դրա համար ընտրվել է մի մոդել, որը ներառում է մի քանի հիմնական ուղղություններ՝ ավիատիեզերական ճարտարագիտություն, առանց վարորդի մեքենաներ, 5G/6G հաղորդակցական համակարգեր, կիսահաղորդիչներ և այլն։ Այդ մոտեցմամբ էլ ձևավորվել է «Ինժեներական քաղաք» տեսլականը՝ մեկ վայրում համախմբելու լաբորատորիաները, կրթական բաղադրիչը և տասնյակ ընկերություններ՝ ցույց տալու համար, թե ինչպես կարելի է գաղափարներից ստեղծել արժեք և դուրս գալ միջազգային շուկա։ Այս մոդելով ընդգծվում է, որ կրթությունը և տնտեսությունը պետք է զարգանան համահունչ՝ լրացնելով միմյանց ստեղծել իրական նորարարական և տնտեսական արժեք։ 

 

«Ինժեներական քաղաքի» ստեղծումը հիմնված է ՁԻՀ-ի 24 տարիների և հատկապես արդեն հաջողությամբ մարզերում գործող Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների փորձի վրա։ «Փորձը ցույց է տալիս, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում ընկերությունները կարիք ունեն միասին մտածելու, նույն միջավայրում աշխատելու, համատեղ նախագծեր իրականացնելու և կիսելու լաբորատոր ռեսուրսները։ Այդպես է հնարավոր ձևավորել մասնագետների նոր սերունդ՝ միավորելով ջանքերը»,– նշում է Ենգիբարյանը։

 

Այսօր «Ինժեներական քաղաքում» առկա են բարդ և թանկարժեք, գերժամանակակից 30-ից ավելի սարքավորումներ, որոնց հասանելիություն ունեն այստեղ գործող բոլոր կազմակերպությունները, ինչը թույլ է տալիս բացի հետազոտություններից իրականացնել նաև նախատիպավորման կամ նույնիսկ ամբողջական արտադրության նպատակով։

 

«Կա մեկ այլ կարևոր հանգամանք. նույնիսկ եթե ընկերությունը կարողանում է ձեռք բերել նման սարքավորում, անհրաժեշտ է նաև համապատասխան մասնագետ՝ արդյունավետ օգտագործելու համար։ «Ինժեներական քաղաքում»-ում մենք ոչ միայն տրամադրում ենք այդ հնարավորությունը, այլև սպասարկում ենք բոլոր հաստոցները և ապահովում դրանց անխափան աշխատանքը։ Այսպիսով մենք ապահովում ենք նախագծումից մինչև արտադրություն ամբողջական շղթան։ Մեր նպատակը ոչ միայն տեխնոլոգիական միջավայր ստեղծելն է, այլև մշակույթ ձևավորելը՝ ցույց տալու, որ ներդրողների համար առավել արժեքավոր է այն վայրը, որտեղ կա համագործակցության, գիտելիքի փոխանակման և նորարարության համապատասխան միջավայր»,– հավելում է Ենգիբարյանը։

 

 

 

Պետությունը՝ երաշխիք

Ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 30 միլիոն դոլար էր կազմում, որի կեսը պետությունը, մյուս կեսը մասնավոր հատվածն էր ներդնելու: Այսօր ներդրողների թիվն աճել է. սա վկայում է, որ «Ինժեներական քաղաք» ծրագրի շրջանակում պետության և մասնավոր հատվածի համագործակցությունը ստացվել է, իսկ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում օտարերկրյա ներդրողներ ներգրավելու համար պետության գործուն ներկայությունը վստահություն ներշնչող է:

 

«Պետության հետ համագործակցությունը հետաքրքիր ձևաչափ է, որովհետև ստեղծվում է հավելյալ արժեք, երբ ստեղծված եկամտի մեծ մասը մնում է մեր երկրում և բազմապատկում իր արժեքը, բերում մեծ ներդրումներ, ստեղծում շատ բարձր վարձատրվող աշխատատեղեր: Այն ոլորտներից է, որտեղ ներդրողներն իրենց «լավ են զգում», ոչ թե որովհետև փողի կարիք ունեն, այլ՝ պետության և վերազգային կազմակերպությունների ներկայությունն ապահովություն է ներշնչում, խրախուսող է»,– ասում է Բագրատ Ենգիբարյանը:

 

«Ինժեներական քաղաք 2»–ում հայտնվող յուրաքանչյուր նոր ռեզիդենտ կազմակերպություն պետք է համապատասխանի պետության կողմից սահմանված չափանիշներին, քանի որ պետությունը հողը կազմակերպությանը տրամադրում է սեփականության իրավունքով: 

 

 

Ժամանակին համահունչ շարժվելու մասին
«Ճարտարագիտությունն այն ոլորտն է, որտեղ ամեն վայրկյան նոր տեխնոլոգիա է ծնվում, առաջ գալիս, ու եթե դու պատրաստ չես այդ նորին կամ հենց այն ստեղծողը չես, ապա ժամանակը պարզապես կանցնի կողքովդ։ Մենք փորձում ենք ժամանակի հետ «դաշնակցել»՝ ռեսուրսներ ներդնելով գիտելիքի, կրթության ու հետազոտությունների մեջ, և դրանով իսկ հետ չմնալ աշխարհում կատարվող նորարարություններից։ Արհեստական բանականության այս դարաշրջանում սա լավագույն պահն է նաև Հայաստանի համար՝ իր ներուժը ցուցադրելու և աշխարհի խոշոր խաղացողների ուշադրությունը գրավելու համար»։

 

Սուպեր թռիչքուղի

«Ինժեներական քաղաքում» իր բացառիկ դերն ունի նաև «Ազնավուր» գերհամակարգիչը։ Հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման ապահովումն է՝ բարձր արտադրողականությամբ հաշվողական սարքավորումների, ամպային տեխնոլոգիաների, լայնամասշտաբ տվյալների վերլուծության և արհեստական բանականության ոլորտներում մասնագիտացված նորարարական լուծումներ ստեղծելու միջոցով։ 

 

«Ազնավուր» գերհամակարգիչը Ֆրանսիայի Թուլուզի գիտահետազոտական համալսարանի նվերն է Հայաստանին, որն անվանվել է «Ազնավուր» (մեծ շանսոնիեի ընտանիքը սիրով ընդունեց այս որոշումը): Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սուբսիդավորում է գերհամակարգչի հոսանքի ծախսը, համակարգչի «օգտատերերը» Հայաստանում գործող գիտահետազոտական և նորարարական կազմակերպություններն են, որոնք անվճար են օգտվում «Ազնավուր»-ի հնարավորություններից։ 

 

 

Գերհամակարգիչից օգտվում են արհեստական բանականության և տվյալագիտության, կենսագիտությունների, երկրագիտական գիտությունների, ֆիզիկայի և այլ ոլորտներում գործող մասնագետներ, գիտական համայնքի ներկայացուցիչներ։ Արդեն իրականացվել է 40 հետազոտական նախագիծ, այս թիվը շարունակաբար աճում է։ «Շատ կարևոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը հնարավորություն ունենան օգտվելու գերհամակարգչից, քանի որ այն ունի սահմանափակ գործող ժամկետ։ Այսօր այն համարվում է  գերհամակարգիչ, սակայն տեխնոլոգիական առաջընթացի արագ տեմպերի պատճառով վաղը կարող է այլևս այդ կարգավիճակը չունենալ»,– նշում է Բագրատ Ենգիբարյանը: «Մենք կամուրջը երկու կողմից ենք կառուցում՝ լավ գաղափարին՝ լավ «օդանավակայան», լավ «օդանավակայանին»՝ լավ ինքնաթիռ: «Օդանավակայան» ենք հրավիրում մեծ ինքնաթիռների, ինչպիսին National Instruments Emerson-ն է, բայց նաև հնարավորություն ենք տալիս փոքրերին գալ և տեղում «ինքնաթիռ» պատրաստել՝ օգտագործելով մեր «թռիչքուղին»»։

 

Մոտ ապագայի մասին
«Այս պահին մեր հիմնական ուշադրությունն ուղղված է «Ինժեներական քաղաքում» ձևավորվող նոր ենթակառուցվածքներին։ Խոսքը միայն շենքերի կամ սարքավորումների մասին չէ. մենք զարգացնում ենք հետազոտական նոր ուղղություններ, ստեղծում ուսումնական ծրագրեր և ձևավորում գործընկերություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերությունների հետ, որպեսզի այստեղ ձևավորված գիտելիքի, փորձի և համագործակցության էկոհամակարգի շնորհիվ ամրապնդենք մեր դիրքերը և մեր երկիրը դիրքավորենք որպես ճարտարագիտական հանգույց»։

 

Կրթությունը՝ կենսակերպ

Ներկա և ապագա ժամանակներում «Ինժեներական քաղաքի» հենման կետը կա և լինելու է մասնագիտական ներուժի ձևավորումն ու զարգացումը՝ ժամանակակից, միջազգային բարձր չափանիշներին համապատասխան, ապագայի մարտահրավերներ լուծող կրթությունը. դրա համար էլ հայաստանյան ԲՈՒՀ-երի հետ «Ինժեներական քաղաքի»-ի համագործակցությունը «հագեցած դասացուցակով» է ընթանում: «Կրթական համակարգին նոր շունչ ենք տալիս՝ բերելով միջազգային գործընկերներ և համալսարաններ ԱՄՆ-ից կամ Եվրոպայից: ԳԱԱ-ում 2023 թ.-ին «Ավիատիեզերական սարքաշինության» բնագավառում նոր մագիստրոսական ծրագիր բացեցինք: 2020-ից գործում է նաև «Էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնը»։

 

 

 

Անցյալի ու ներկայի կապը 

«Ինժեներական քաղաքը» ներկայում կառուցվող ապագայի քաղաքն է, իսկ Հայաստանի զարգացած ճարտարագիտական անցյալի մասին պատմում են այստեղ գործող «Տիեզերքի» և «Գիտության և տեխնիկայի» թանգարանները: «Հայաստանն այս բնագավառում կարևոր դերակատար է եղել. ամբողջ օպտիկան այստեղ է պատրաստվել: Մենք դրանք ցուցադրում ենք պատանիներին և ոգևորում, որ կարող են գալ, սովորել ճարտարագիտություն և աշխատել «Ինժեներական քաղաքում» գործող ընկերություններում»,– ասում է Բագրատ Ենգիբարյանը:

հավելյալ նյութեր