🎄🎁 Ինչ նվիրել մոտիկներին Ամանորին, մաս 3
Ասում են նոր լյուքսը այլևս բրենդավորված շորերը և թանկարժեք պայուսակները չեն, կոնսյումերիզմի այս չար աշխարհում նոր շքեղությունը փորձառություններն են։ Նվեր, որը ոչ միայն կժպտացնի սիրելիին, այլ նաև կստիպի տնից և սեփական կոմֆորտ զոնայից դուրս գալ։ Նվերների մեծ սիրահար Բիայնա Մահարու հետազոտությունը՝ հատուկ ԵՐԵՎԱՆի համար (հիմնված բացառապես իր սեփական փորձի վրա)։
Տեքստը՝ Բիայնա Մահարու
Նախորդ տարիների հավաքածուները նույնպես ակտուալ են․ այստեղ ու այստեղ
Տոմսեր՝ Tomsarkgh.am-ից
Քանի դուրս ենք եկել կոմֆորտի զոնայից և տնից, եկեք մի քիչ մշակութային հաճույք ստանանք, մի խելոք բան լսենք, միգուցե մի բան էլ սովորենք: Tomsarkgh.am-ը առաջարկում է նվեր-քարտեր, որոնցով ձեր սիրելին կկարողանա կայքից ձեռք բերել ցանկացած իրադարձության տոմս: Առկա են տարբեր արժեքների նվեր-քարտեր` սկսած 5000 դրամից:

Թռիչքներ Sky Club-ից
Ինչպես ասվում էր մեր ջահելության կարկառուն երգերից մեկում` «թարթիչներդ թափահարիր և թռի», բայց 21-րդ դարն է վերջ ի վերջո, թարթիչները այժմ լամինացված են, երկարացված, նյութերով պատված և, առհասարակ, խառն են: Որպես այլընտրանք` Sky club-ը առաջարկում է պառապլանով թռիչքի նվեր քարտեր: Թռիչքները իրականացնում են ինստրուկտորի հետ այնպես, որ փորձը բացարձակ պարտադիր չի, իսկ օդում ծիտիկի պես թռնելը`վստահորեն անմոռանալի:

Ստորգետնյա զբոսանք՝ Աղի հանքից
Օդերից իջնենք, իջնենք ու իջնենք` ուղիղ գետնի տակ: Վստահ չեմ, որ աղի հանքը ունի մեր պատկերացրած նվեր-քարտերից, բայց այնտեղ անցկացրած օրս 2025-ի լավագույն հուշերից էր, դա փաստ է։ «Առողջության օր» ծրագրով (10,000 դրամ) կարելի է անցկացնել կես օր քաղաքի մեջ՝ քաղաքից հեռու, առանց ձայն, առանց ինտերնետ, առանց հեռախոս։ Գետնի տակ հնարավորություն ունեք բիլիարդ խաղալու, «աղոտ» լաբիրինթոսով քայլելու այս կողմ, իսկ հետո այն կողմ, մարզանք անելու, ու ամենահետաքրքիրը և յուրօրինակը` որոշ ժամանակ ոչ մի բան չանելու: Միայն նվերը կազմակերպելիս պետք է նախորոք զանգահարել ու պայմանավորվել ստույգ օրը՝ հանքում անցուդարձն այնքան էլ պարզ բան չէ։

Հոգու և մտքերի մաքրում՝ «Նեբեսնիյ ասաբնյակում»
Վերջին տարիների շատ ակտիվացած ներգնա էմիգրացիայի արդյունքում Հայաստանում զարգացել են ժամանցներ, որոնք մինչ այդ գտնելը ժամանակին այդքան էլ հեշտ չէր, օրինակ՝ «Նեբեսնիյ ասաբնյակ» բաղնիքը առաջարկում է ընտանեկան հանգիստ (ոչ թե էն՝ ինչ մտածեցիք) , նաև առանձին կանանց և տղամարդկանց բաղնիքներ։ Այստեղ խստիվ արգելվում է ալկոհոլը և ամեն ինչ հոգու և մտքերի մաքրման համար է։ «Նեբեսնիյ ասաբնյակը» նաև առաջարկում է ամանօրյա նվեր քարտեր։

Սպա՝ Gold’s Gym-ում
Քանի հասանք հոգու և մարմնի հանգստությանը` անհնար է չխոսել սպաերի մասին: Տարբեր տեսակի մերսումներ, փիլինգներ ու պարուրումներ է առաջարկում Gold’s Gym-ի սպան, կա՞ ավելի լավ նվեր, քան սիրելիին պարուրել շոկոլադի մեջ՝ օրինակ: Gold’s Gym-ում կգտնեք նվեր քարտեր և կոնկրետ գումարի, և ծառայության համար` ձեր ընտրությամբ, կարևորը չմոռանաք նախապես ճշտել բոլոր ալերգիաները, առողջական հակացուցումներն ու մաշկի առանձահատկությունները:

Կավագործություն Arvesta-ում
Կավի դասերը արդեն այնքան ավանդական նվեր են, որ դրանց մասին խոսալն էլ մի տեսակ ավելորդ է։ Դեմի Մուրի ու Պատրիկ Սուեյզիի մասնակցությամբ դասական տեսարանը դարձել է այս փորձառության հանճարեղ գովազդը՝ կավի դասերը դարձնելով լավագույն նվերը սիրելիի հետ ռոմանտիկ ժամադրության համար։ Բայց, հավատացե՛ք, կավի դասերը լավագույն նվեր են նաև մայրիկին, հայրիկին, բալիկին, տատիկին և տան մնացած անդամներին․ այս նյարդային աշխարհում մի բան անպատիժ ճմռթելը, իսկ հետո ցեխի գնդից գեղեցկություն ստեղծելը անգնահատելի հնարավորություն է: Եթե ուզում եք դասերը համեմվեն նաև հաճելի զրույցներով և սիրուն տաքուկ տրամադրությամբ` «Արվեստա Ստուդիայի» նվեր քարտերը ձեր համար են: Արվեստայից կարող եք ձեռք բերել 1 դասից սկսած նվեր քարտեր, մինիմալ արժեքը 7000 դրամ է։

Զարդագործություն՝ Mottif-ում
Երևակայությունն ու ձեռքերը գործի դնելու մի այլ գեղեցիկ տարբերակ զարդեր պատրաստելու վարպետաց դասն է, որը առաջարկում է Mottif-ը, այստեղ կարող եք ինքնուրույն պատրաստել մարգարիտե զարդեր: Ինչպես խոստանում են ընկերությունից, տուն կվերադառնաք ոչ միայն լավ հիշողություններով, այլ նաև սեփական պատրաստման զարդերի տեսքով ավարով:

Պատամագլցում «Վեր Վարից»
Դուք էլ ե՞ք ամերիկյան կինոներ նայելուց միշտ մտածել՝ ոնց կուզեիք Հայաստանում էլ բացի իսկական մագլցելու սարերից սենյակայիններից էլ լիներ։ Էն բարձր առաստաղով ու պատերին գունավոր գնդիկներով տեղերից որտեղ «Ինչպես դառնալ արքայադուստրի» մեջ դեռ երիտասարդ Էնն Հեթուեյն էր սիրում մագլցել։ «Վեր Վարը» առաջարկում է նման փորձառություն Երևանի սրտում։ Եթե Դեմի Մուրենց կինոն ձեր համար չափից դուրս ռոմանտիկ է, միգուցե քաղաքում սարեր բարձրանալը ավելի սիրեք: Նվեր քարտ կարող եք վերցնել մեկ դասից սկսած՝ ցանկացած գումարի։

Խառը փորձառություններ՝ «Արի Տանեմից»
Եթե ընտրություն կատարելը ձեր ուժեղ կողմերից չէ, կամ օրինակ՝ «Գաղտնի Սանտա» եք և պատկերացում չունեք, թե ում եք նվեր նվիրում, «Արի Տանեմը» առաջարկում է փորձառությունների աշխարհում շվեյցարական դանակ` նվեր գրքույկ, որից նվիրառուն կկարողանա ընտրել իր համար հարմար տարբերակը ինքնուրույն: Ամանօրյա փորձառությունների գրքույկում ինչ ասես չես գտնի` սկսած սառցակալած լճի վրա գեղասահքից, ավարտած՝ գլխիվայր յոգայով:

Յոգա «Շունչում»
Յոգա ասեցի՝ հիշեցի: Ցանկացած սպորտային նվեր քարտը կլինի հիանալի նվեր, յոգայինն էլ իր հերթին միգուցե համոզի վերջապես առողջությամբ զբաղվել նրան, ով վաղուց ուզում էր, բայց ոչ մի կերպ ինքն իրեն չէր կարողանում համոզել: Չէ՞ որ չկա ավելի լավ համոզող բան, քան գումարը` այս դեպքում նվեր-քարտը, որ կկորցնես: Երևանի կենտրոնում արդեն 18 տարի գործող «Շունչ» յոգայի կենտրոնը առաջարկում է նվեր քարտեր և մի փոքր էլ զեղչ՝ որպեսզի նվեր գնելը հաճելի լինի:

Կրակոցներ՝ «Ազատազենում»
Քանի դեռ նախորդ կետերի նվերները հավաքած արդեն հանգիստ ենք, առողջ ենք և երջանիկ, ժամանակն է սթափվել և չմոռանալ որտեղ ենք ապրում: Եթե ինչ-ինչ պատճառով կրակելու հմտությունը կարևորում եք` «Ազատազենի» նվեր քարտերը իդեալական նվեր կլինեն ձեր և ձեր մոտիկների համար: Նվեր քարտերի գները սկսվում են 6000 դրամից:

Խոհարարական կուրսեր՝ «Երեմյան Ակադեմիայում»
Այսքան կարդալուց հաստատ սովածացած կլինեք, վստահ չեմ, որ այս կետը կօգնի հենց հիմա կշտանալ, բայց եթե հեռուն նայող ներդրում անեք ու խոհարարական դասընթաց նվիրեք ձեր մոտիկներին, միգուցե նրանք ձեզ մի օր շատ համեղ կերակրեն: «Երեմյան Ակադեմիան», բացի երկարատև խոհարարական կուրսերից, առաջարկում է նաև տարբեր կարճատև դասընթացներ, օրինակ՝ սուշիի և տարտերի պատրաստման թեմաներով:

Ֆոտոնկարահանում՝ Բիայնայից
Եվ վերջապես, կա՞ ավելի լավ նվեր, քան լուսանկարչական նվեր-քարտը։ Նրանց, ովքեր վաղուց ուզում էին իրենց ուրիշի աչքով տեսնել, նրանց, ովքեր մոտակա ժամանակ ունեն իրադարձություն, որից կցանկանային ունենալ անկաշկանդ կենդանի լուսանկարներ, նրանց, ովքեր վերջապես ուզում էին ունենալ ընտանեկան լուսանկարներ, որտեղ ընտանիքի բոլոր անդամները կադրի մեջ են և ոչ ոք ստիպված չի լուսանկարիչը լինել, ինձ (իհարկե, բոլորովին ոչ սուբյեկտիվ պատճառներով) թվում է, որ ավելի լավ նվեր, քան Բիայնա Մահարիի այս գերբնական գեղեցկության նվեր քարտերը գտնելը անհնարին է: (իհարկե, հոդվածի հեղինակի և նշված լուսանկարչի անունների համընկնումը բացարձակ պատահականություն է և չի պարունակում ոչ մի կոռուպցիոն ռիսկ):

Սեփական մտահղացման նվեր-քարտ
Նվեր քարտի լավն էն է, որ այն կարող եք նաև ինքնուրույն ստեղծել, պարզապես ներդրեք ձեր բոլոր տաղանդները և մի թղթիկ պատրաստեք, որտեղ գրված կլինի մի փորձառություն, որը խոստանում եք ձեր մոտիկին։ Օրինակ՝ միասին ինչ-որ տեղ գնալ կամ..․ չէ, էլ չեմ ասի, ինքնուրույն պատրաստելու իմաստը նաև ինքնուրույն փորձառություն հորինելն է, այնպես որ՝ սրեք երևակայությունը, չէ՞ որ լավագույն նվերը այն նվերն է, որը պատրաստել եք ձեր ̶ձ̶ե̶ռք̶ե̶ր̶ո̶վ̶ խելքով:
Զգուշացում վատ նվերների մասին
Կան լավ նվերներ, որոնք երջանկացնում են և՛ նվիրողին, և՛ ստացողին, բայց կան վատ նվերներ, որոնք դժբախտացնում են և՛ նվիրողին, և՛ ստացողին, և՛ հենց նվերին. մի՛ նվիրեք ընտանի կենդանիներ, եթե չունեք հստակ ճշտված տեղեկություն, որ նրանք սպասված են, չէ՞ որ վատ տարբերակում կտուժեք ոչ միայն դուք, այլ կենդանի էակ, որը ոչնչում մեղավոր չի:
Նաև մի մոռացեք, որ ձեր ընտանի կենդանուն էլ են անհրաժեշտ ամանորյա նվերներ և նրանց համար էլ կարող եք մտածել մի լավ փորձառության նվեր քարտ, նույնիսկ եթե այդ նվեր քարտը իրենք պարզապես ուտեն:
