Երեք (համեմատաբար) նոր ծանր ձայնագրություն
Երաժիշտ Արթուր Աթայանը պատմում է 2025-ի աշնան երեք շատ ծանր ու շատ հետաքրքիր ձայնագրությունների մասին, որոնք միանգամայն միջազգային որակ ունեն։
Տեքստը՝ Արթուր Աթայանի
2025 թվականը բավականին բերքառատ էր հայկական ռոքի, մետալի ու առհասարակ անկախ երաժշտական բեմի* համար (հայկական խմբեր և արտիստներ, որոնք ստեղծագործում են մեյնսթրիմից դուրս ու պրոդյուսերական պրոյեկտներ չեն, - հեղ․)։ Տարվա սկզբին ահագին ուրախացրեցին երիտասարդները՝ Ուրու, Կանգուն, որոնք թարմ շունչ բերեցին երաժշտական ընդհատակին, իսկ այնուհետև նաև հին ու բարիները՝ FairWind-ը գալիք ալբոմից մի քանի հոլովակ հանեց, Բամբիռը զարմացրեց նոր ու ծանր գործերով, ալբոմ հանեց Նեմրան, ու նույնիսկ Կավիճը, որի մասին վաղուց չէինք լսել։ Սակայն, աշնանը թողարկված որոշ շատ հետաքրքիր երաժշտական ռելիզներ մնացին առանց պատշաճ ուշադրության, ու հենց դրանց մասին, թեկուզ և մի փոքր ուշացմամբ, ուզում եմ պատմել ստորև։
Martinian – HIGH
Այս ալբոմն իսկական նվեր է պրոգրեսիվ ռոքի սիրահարներին։ Վիրտուոզ դաշնակահար ու կոմպոզիտոր Մարտին Շահբազյանը հայկական պրոգ-ռոք բեմում բավականին վաղուց է հայտնի։ Նրա առաջին խումբը՝ HIGH-ը, 2010-ականների կեսին հասցրեց գրավել պրոգասերների ուշադրությունը, սակայն, 2021 թվականի սկզբին դադարեց գործել ողբերգական հանգամանքներում․ կյանքից վաղաժամ հեռացավ խմբի բաս-կիթառահար Արմեն Հաջյանը։ Չնայած ճակատագրի այս սարսափելի հարվածին, երաժիշտները հենց 2021 թվականին որոշում կայացրեցին մի քանի գործ ձայնագրելու։ Անցան տարիներ, Մարտինը հիմնադրեց իր նոր, Martinian կոչվող նախագիծը, և այդ անվան տակ լույս տեսան 2021-ին արված ձայնագրությունները՝ HIGH խորհրդանշական անունով ալբոմում։ Այս EP-ն հարգանքի տուրք է կորսված ընկերոջը և, ինչ-որ առումով, հրաժեշտ, որն ամփոփում է նախորդ տարիների երաժշտական ասելիքն ու ճանապարհ բացում դեպի բոլորովին նոր փուլ։
EP-ի մասին կարելի է վստահաբար ասել, որ սա միջազգային մակարդակի պրոգրեսիվ ռոք է, որը համատեղում է առաջին հայացքից անհամատեղելին՝ բրիտանական ինդի ու ալտերնատիվ ռոք, ժամանակակից պրոգ մետալ, ակադեմիական երաժշտություն ու հայկական մեղեդայնություն։ Այստեղ կարելի է գտնել բազմաթիվ ազդեցություններ՝ Muse-ից ու Radiohead-ից մինչև Տիգրան Համասյան ու, ասենք, Ստրավինսկի ու Բաբաջանյան։ Միաժամանակ սա շատ ինքնուրույն ու խելացի երաժշտություն է, որը լսողին առաջարկում է միմյանց անսպասելի կերպով հաջորդող ծանր ու բարդ ռիֆեր, թափանցիկ ու եթերային ինտերլյուդիաներ ու էմոցիոնալ կուլմինացիաներ։
EP-ից կարելի է հատուկ հիշատակել բացող գործը՝ Thermometer-ը, որը նախասահմանում է ալբոմի ռիթմիկ ու հարմոնիկ բարդ կառուցվածքը, ինչպես նաև Commemoration ստեղծագործությունը, որում խումբը համագործակցել է Եվրոպայում բավականին հայտնի թավջութակահար Ռաֆայել Վեյնրոթ-Բրաունի հետ (որը 2019 թվականին նույնիսկ եկել է Հայաստան՝ Leprous խմբի հետ)։ Իմ անձնական ֆավորիտը Old Home գործն է ու հատկապես դրա ավարտը՝ կոդան, որը լի է կարոտի ու նոստալգիայի զգացումով։
Ու մի անհավատալի ու հուզիչ պատմություն՝ Արմեն Հաջյանի վախճանից որոշ ժամանակ անց Մարտինը նամակագրության մեջ ձայնային մի հաղորդագրություն էր գտել․ երգի սևագիր տարբերակ էր՝ Թումանյանի քառյակի հիման վրա։ Հենց այդ սևագրից ստեղծվեց Տիեզերքում կարճ ու մինչև հոգու խորքերը փշաքաղեցնող երգը։
Rozen Tal – Vishup/Sin
Աշնանը սինգլ թողարկեց նաև Rozen Tal-ը, որի համար այն դարձավ առաջին ռելիզը վերջին 2023 թվականից ի վեր։ Ու չնայած Գյումրվա արմատներով այս խումբը բավականին հայտնի է տեղական ռոք-ասպարեզում ու նույնիսկ վերջերս մասնակցել էր հաջողություն վայելած Արևի Մարդիկ էքսպերիմենտալ բալետի ստեղծմանը, ռելիզը կարծես չարժանացավ բավարար ուշադրության, ու շատ իզուր։
Սինգլը ու դրա b-side-ը նշանավորում են վերջին տարիներին Rozen Tal-ի երաժշտության մեջ տեղի ունեցած հերթական շրջադարձը։ Եթե 2015-2019 թվականներին խումբը երգում էր անգլերեն լեզվով ծանր պրոգ-ռոք, ապա 2020 թվականից երգացանկում հայտնվեցին հայերեն գործեր և էթնիկ մոտիվներ։ Այս միտումները միավորվեցին նոր սինգլում․ այն մի կողմից շարունակում է հայերեն գործերի տրամաբանությունը, մյուս կողմից՝ փորձարկում նախկինից նույնիսկ էլ ավելի ծանր հնչողություն։
Առհասարակ, ռոքում հայտնի մի միտում կա․ խմբերը տարիների ընթացքում սկսում են ավելի թեթև ու հեշտամարս երաժշտություն նվագել՝ տրվելով շուկայի պահանջներին կամ ուղղակի կորցնելով երիտասարդական էներգիան։ Vishup գործը ճիշտ հակառակի ապացույցն է․ այստեղ Rozen Tal-ը գրեթե գրուվ մետալ է նվագում, իսկ ռիֆերը ծանրությամբ համեմատելի են Pantera-ի կամ նույնիսկ Lamb of God-ի հետ։ Կիթառներն ընդգծված են կատաղի հարվածայիններով ու, մասնավորապես, ինչպես ընդունված է մետալում, կրկնակի պեդալի պարտիայով, ու լսելիս ակամայից առաջանում է տեղից վեր թռնելու ու շարժվելու ցանկություն։
Sin գործը, որը տեսահոլովակ ստացավ, ավելի է նման ռոզենթալյան ավանդական «բաղադրատոմսին»՝ ծանր սկիզբ, դանդաղ ու մելամաղձոտ անցում, պայթուցիկ ավարտ։ Երգը նվիրված է Երկրի արբանյակին՝ դարեր շարունակ պոետներին հուզած ու նրանց երևակայությունը գրգռած լուսատուինո։ Ընդ որում, երգի անունը հետաքրքիր նախապատմություն ունի․ սկզբում այն պարզապես կոչվում էր Լուսին, սակայն վերանվանվեց Sin` ձեռքբերելով լրացուցիչ իմաստներ։ Անգլերեն ընթերցման դեպքում այն կարող է ընկալվել որպես մեղք, իսկ այ հայերենի պարագայում վերնագիրը հղում է երգի տողերին՝ սին մագնիս հույզի, ու գուցե նաև դատարկ Լուսնի մասին հանրահայտ դավադրապաշտական տեսությանը, ո՞վ գիտի։
Ու հետաքրքիր փաստ՝ սինգլն իրականում պիտի լիներ EP, որում տեղ կգտներ նաև չքնաղ Օրորոցայինը, սակայն, վերջինս հրապարակվեց որպես Արմեն Եդիգարյանի սոլո նախագծի մեկնարկ։
Ildaruni – Divinum Sanguinem
Հայտնի փաստ է, որ հայերը բարդ հարաբերություններ ունեն էքստրեմալ երաժշտության հետ։ Իհարկե, այստեղ կա փոքր ու բավականին ակտիվ մետալ համայնք, սակայն, բացարձակ մեծամասնությունը ո՛չ տեղյակ է, ո՛չ էլ ուզում է իմանալ, թե ինչ է մետալը ու ինչու են այն նվագում։ Այդ իսկ պատճառով մետալի մեջ չխորացած հանդիսատեսի ուշադրությունից վրիպեց հետաքրքիր ու կարևոր մի հանգամանք․ Երևանում կա մի խումբ, որը Եվրոպայում ալբոմներ է թողարկում, հեղինակավոր փառատոններում ներկայացնում Հայաստանը, ու բարձր գնահատականներ ստանում ծանր երաժշտությանը նվիրված պարբերականներում։

2016 թվականին ձևավորված Ildaruni բլեք-մետալ խումբը առաջին իսկ համերգներից սկսած արժանացավ տեղական մետալհեդերի հավանությանը։ Եվ սա զարմանալի չէր․ նրանց երգերում արծարծվում էր ուրարտական դիցաբանությունն ու հավատալիքները, էթնիկ գործիքներ էին հնչում, տեղ-տեղ՝ ուրարտերեն տեքստեր, հնչողությունը թարմ էր, երգերը՝ հիշվող։ 2021 թվականին «Beyond Unseen Gateways» («Անտեսանելի դարպասներից անդին») ալբոմը լույս տեսավ շվեդական Black Lion Records լեյբլում, իսկ հաջորդող տարիներին խումբը մի քանի անգամ գնաց Եվրոպայով շրջագայելու։ 2025 թվականի նոյեմբերին թողարկվեց Divinum Sanguinem («Սրբազան արյուն») կոչվող երկրորդ ալբոմը, որն, նախորդի պես, ջերմ արձագանքներ ստացավ արտասահմանյան քննադատների կողմից։
Էստեղ իհարկե պետք է զգուշացնել՝ սա ջղային, արագ, ագրեսիվ բլեք-մետալ է․ հենց ա՜յն երաժշտությունը, որն այնքան վախեցնում է անպատրաստ ունկնդիրներին։ Սակայն, իրականում, որ սա բազմաշերտ և հետաքրքիր կոնցեպտուալ ալբոմ է, որը նավարկում է հնագույն Իրանից մինչև Հռոմ տարածված հավատալիքների, առասպելների ու ծիսակարգերի միջով՝ ոգեշնչվելով մեզ հասած միթրայական, մազդեական ու այլ միստիկ տեքստերից։
Բայց իրոք, ի՞նչ կլինի, եթե հանպատրաստից փորձեք լսել ալբոմը։ Նախ, կնկատեք շատ արագ նվագ՝ գերծանրաբեռնված կիթառներով ու չափազանց խիտ հարվածայիններով ու, իհարկե, շատ դժվար ընկալվող էքստրեմալ վոկալով՝ սքրիմինգով։ Մի փոքր ավելի ուշադիր լսելու պարագայում կնշմարվեն կիթառների ու ստեղնաշարայինների պարտիաներից հյուսվող էպիկական հատվածներ, որոնք երբեմն դասական, երբեմն էլ՝ էթնիկ երաժշտություն կհիշեցնեն։ Այնուհետև կնկատեք, որ երգերում հանդիպում են բազմաթիվ անսպասելի նրբություններ՝ քանոնի, թավջութակի, պարկապզուկի ձայներ, կնոջ վոկալ և, նույնիսկ, իսկական երգչախումբ։ Ծանրությունն իրենը կասի, ու քիչ անց էքստրեմալ վոկալն այլևս չի վախեցնի, այլ կսկսի շատ համահունչ թվալ ընդհանուր արագության ու դրայվի հետ։ Եթե հասաք այս կետին, շնորհավո՛ր, դուք հոգով մետալիստ եք։
Եթե փորձեմ մի քանի տրեկ առանձնացնել, երևի առաջին հերթին պիտի նշեմ ալբոմի երրորդ գործը՝ Of Nomos and Flaming Flint Stone, որը նաև առաջին սինգլն էր։ Այն երևի թե ամենամոտն է դասական բլեք մետալին, ու հաստատ դուր կգա գիտակներին։ Անշուշտ շատ տպավորիչ է ալբոմի ամփոփումը համանուն` Divinum Sanguinem տրեկով, որտեղ կարելի է լսել նաև Թամ Մխիթարյանի (Ուրու, ԹմբաԹա) վոկալը։ Ինձ ամենաշատը տպավորած գործերից է Forged by Glaive and Blood երգը, ու հատկապես դրա չորրորդ րոպեից սկսվող կիթառային, ինչպես ասում են, «գտած» հատվածը։
Ու մի հետաքրքիր փաստ էլ այստեղ՝ Zurvan Akrane գործում հնչում է հին պարսկերենը․ մի փոքր ուսումնասիրեցի, ու այ քեզ բացահայտում՝ պարզվում է, զրադաշտականության մեջ կար Զուրվան անունով աստվածության պաշտամունք, որը հավերժ ժամանակի ու անվերջ տարածության աստվածն էր, որից ծնվում են լույսն ու խավարը՝ Ահուրամազդան և Ահրիմանը։ Էնպես որ, մետալից երբեմն նաև կարելի է նոր գիտելիքներ քաղել։