Common Ground-ի նոր տունը
Գրախանութ

Common Ground-ի նոր տունը

Բաղրամյան 6 հասցեում գեղատեսիլ առանձնատան տարածքում բացված Common Ground գրախանութ-սրճարանը հասցրել էր իր նկատելի տեղը զբաղեցնել երևանյան գրական-ժամանացային դաշտում, այնպես որ դրա փակվելու մասին լուրերը չէին կարող չանհանգստացնել։ Բայց փակվել է միայն հասցեն, իսկ Common Ground-ը շուտով վերաբացվելու է նոր վայրում։ ԵՐԵՎԱՆը խոսել է գրախանութի հիմնադիր Գրիգորի Կարելսկու հետ։

Տեքստը՝ Մարիամ Ալոյանի

 

Լուսանկարները՝ Common Ground

#ՔաղաքըԿարդումԷ

Ի՞նչ էր Common Ground-ը

Վայր, որտեղ կարող ես գալ ու հանդիպել քո սիրած մարդկանց. Common Ground գրախանութը հենց այսպես բնորոշեց Գրիգորի Կարելսկին, որին Երևանում շատերը գիտեն պարզապես որպես Գրիշա: Նա շատ ռուսաստանցիների պես Երևան էր տեղափոխվել 2022-ին, ու շատ չանցած` Բաղրամյան 6-ում բացել էր Common Ground գրախանութը։ Դրսից՝ այգի, գինի, մարդիկ, ելույթներ ու համերգներ, ներսից՝ կախարդական տեսքով փոքրիկ ու ջերմ մի գրախանութ, որտեղ, իրոք, ամեն անգամ մտնելիս հանդիպում էիր գոնե քեզ ծանոթ մի մարդու, որը կիսում էր քո հետաքրքրությունը: 

 

Գրիշան հիշում է․ «Սկիզբը միշտ մեծ ուրախություն է պատճառում։ Պատկերացնում ես, թե ինչ տեսք կունենա նախագիծը, ինչպես կկազմակերպվի, ինչպիսի մարդիկ կգան այնտեղ, աչքերդ կփայլեն, և երևակայությունդ կզարթնի։ Բայց ժամանակի հետ քիչ-քիչ գալիս է իրականությունը և ամեն ինչ իր տեղն է գցում: Եվ խառը առօրյայի իրականությունը միշտ շատ ավելի հետաքրքիր է դառնում, քան ձեր ֆանտազիաները։ Երբ նոր մարդիկ են գալիս, տեղի են ունենում չպլանավորված ծանոթություններ քաղաքային կյանքի և մշակույթի բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ, հասկանում ես, որ մարդիկ շատ ավելի բազմազան, ավելի լայն և ավելի բարդ են, քան դուք երբևէ կարող էիք պատկերացնել։ Իմ հորիզոնների, հմտությունների և կապերի դրամատիկ և արմատական ​​ընդլայնում եղավ»:

 

 

Գրիգորի Կարելսկին՝ աջից

 

Նոր տունը

Common Ground-ը ոչ միայն պարզապես հանդիպումների կամ գրքեր գնելու լավ տեղ էր դարձել, այլև ռուս ու հայ մշակույթի ձևավորման մի կենտրոն: Իսկ այսպիսի վայրերը ստեղծում ու փոխում են մշակույթ, և հենց դրա համար է, որ գրախանութի տեղափոխվելու մասին նորությունը մի քիչ տխրեցրեց բոլորիս, որովհետև արդյո՞ք հնարավոր կլինի նույն հիշողությունները ստեղծել նոր վայրում։ Գրիշան վստահեցնում է․ 

 

«Զրույցները, հանդիպումները և այն համայնքը, որը մեզ հաջողվել է կառուցել այս ամենի շուրջ, մեր նախագծի միջուկն ու իմաստն են։ Սակայն ֆիզիկական տեղակայումը, անշուշտ, կարևոր է, և մեզ համար կարևոր էր, որ Common Ground-ի մեր բնորոշ առանձնահատկություններից շատերը (մրգատու այգի, մասնավոր տուն, գրախանութ, գինու մառան, հարմարավետ հյուրասենյակ) նույնը մնան նոր շենքում։ Բայց միևնույն ժամանակ, այն մի փոքր այլ կլինի, կեղևը կփոխվի, և նոր տունն ու վայրը կթելադրեն իրենց կանոնները, պատմությունները, ձևաչափերը և մթնոլորտը»:

 

 

Common Ground-ի նոր տունը

 

Նոր Common Ground-ը շուտով իր դռները կբացի Թումանյան-Աբովյան խաչմերուկում։ Բայց արդյո՞ք նույն հարմար միջավայրը կապահովվի:

 

«Նոր գրախանութը կգտնվի շատ հարմարավետ և մթնոլորտային շենքում՝ Երևանի կենտրոնում։ Ձևաչափը կփոխվի, բայց ոչ շատ, և մենք կարծում ենք՝ դեպի լավը։ Կլինեն ավելի շատ համագործակցություններ այլ վայրերի և հաստատությունների հետ։ Այժմ մենք աշխատում ենք ամբողջ ուժով՝ դեկտեմբերին բոլորին հրավիրելու բացմանը գեղեցիկ նոր այգում։ Այսքանը կարող եմ ասել առայժմ»: Բայց նոր հասցեի հետ կապված փոքրիկ սփոյլ ենք անում սոցիալական ցանցերում, թե շուտով որտեղ կարող եք մեզ գտնել

 

Գրավաճառության խնդիրները

Ասում են, որ նախկինում գրախանութների ակտիվությունն ավելի շատ էր, գրքերի հանդեպ սերն էլ մեծ։ Common Ground-ի հիմնադիրը համաձայն չէ․ 

 

«Ես չեմ կարծում, որ ինչ-որ բան արմատապես փոխվել է։ Մշակույթի և ընթերցանության մեջ նոր լսարան ներգրավելը էվոլյուցիոն գործընթաց է, այլ ոչ թե հեղափոխական (սա առաջին բաներից մեկն էր, որով երևանյան իրականությունը ինձ դեմ առ դեմ կանգնեց): Եվ դա, անկասկած, գերազանցում է մեկ նախագծի հնարավորությունները. մենք պետք է միավորենք ուժերը այլ գրավաճառների, հրատարակիչների, մշակութային հաստատությունների և հիմնադրամների հետ՝ երկարաժամկետ զարգացման ռազմավարություն մշակելու համար: Սա միայն սկիզբն է. հիմքերը դրված են, և մեզ բոլորիս առջևում դեռ շատ աշխատանք է սպասվում»:

 

Հանդիպում Ջաֆար Փանահիի հետ՝ 2024-ի Ոսկե ծիրանի շրջանակում

 

 

Ընդհանուր հիմքը

Յուրաքանչյուր գրախանութ ունի իր պատմությունն ու ասելիքը, թելադրող ոճն ու ճաշակը, որը հաճախ մեծ ազդեցություն է թողնում քաղաքի ու մարդկանց վրա, ինչի՞ մասին է Common Ground-ը ու փոխե՞ց ինչ-որ բան: Գրիշան մեջբերում է Բաղրամյան 6-ի մուտքը երկուսուկես տարի զարդարող և այժմ նոր վայրում իր ժամանակին սպասող ցուցանակի տեքստը՝ ըստ Բարբարա Էմմելի. «Ընդհանուր հիմքը ենթադրում է, որ անկախ մեր անհատական ​​դիրքորոշումներից, մենք կիսում ենք ընդհանուր հետաքրքրություն թե՛ անհատական, թե՛ սոցիալական աճի հարցում, պատրաստակամություն՝ բաց մտքով մտնելու հռետորական իրավիճակի մեջ, քննարկելու, լսելու, հարցեր տալու, ներդրում ունենալու: Հենց նման ընդհանրություններից ենք մենք ստեղծում նոր հնարավորություններ, նոր հասկացողություններ, նոր ինքնություններ...» :

 

Հետո լրացնում է իր խոսքերով․ «Կարող եմ ասել, որ սա այն վայրն է, որտեղ հավաքվում են ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ գրողներ, արվեստագետներ, լրագրողներ, ճարտարապետներ, գիտնականներ, հրատարակիչներ, բայց բոլորն արդեն այնքան մտերիմ ընկերներ են դարձել միմյանց հետ, որ նույն արագ սուրճի բաժակը հեշտությամբ վերածվում է ծանոթի հետ անփույթ զրույցի, սեղանը մեծանում է, մարդիկ անընդհատ գալիս են ու գալիս, և այդ ամենը վերջանում է մեծ, բոլորովին չպլանավորված ընթրիքով կամ գրախանութում ցուցահանդեսի, դասախոսության կամ համերգի համատեղ այցելությամբ»։

հավելյալ նյութեր