ArmWool ֆորում
Նոյեմբերի 17–20-ը Երևանում տեղի ունեցավ Arm Wool Forum 2025-ը՝ մի նախաձեռնություն, որը կոչված է վերանայել Հայաստանի բրդյա արդյունաբերության դերը՝ ինչպես տնտեսության, այնպես էլ մշակույթի մեջ։
Լուսանկարները՝ Լուշ Հակոբյանի, ArmWool
ArmWool նախագիծը վերջին տարիներին աշխատում է ոչ միայն արտադրական շղթան վերակազմակերպելու, այլ նաև բրդի շուրջ նոր լեզու ձևավորելու վրա։ Ֆորումը հենց այդ լեզվի փորձադաշտն էր․ թելերով, տեքստիլով, քննարկումներով և մեկ շատ տպավորիչ ինստալացիայով։

Ֆորումի ծրագրում կային շուկայի մասնագետներ, դիզայներներ, գյուղական համայնքների ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ։ Իսկ «Բրդյա կամար» տարածական ինստալացիան բուրդը դուրս բերեց իր սովորական ֆունկցիոնալ դերից և վերածեց խորհրդանշական, գրեթե ճարտարապետական միավորի։
Ինստալացիան կառուցված էր բնական գործվածքներից ու հյուսված շերտերից, որոնք հատակից բարձրանում էին ոչ թե որպես դեկոր, այլ որպես գործընթաց՝ հիշեցնելով, որ Հայաստանի բրդյա ավանդույթը ժամանակի ընթացքում ոչ թե մաշվել է, այլ շարունակել է վերածնվել։ Թելերն աստիճանաբար միաձուլվում էին և վերևում ընդունում հայկական ավանդական կամարի ձևը։ Սա պարզ գեղագիտական ժեստ չէր․ այն շեշտում էր այն միտքը, որ ճարտարապետությունը, ընդհանրապես կառուցումը, պիտի ծագի բնության ներքին կազմակերպվածությունից, իսկ ոչ հակառակն։


ArmWool-ի թիմը տարբեր ելույթներում ընդգծեց, որ բրդի վերամշակման ողջ շղթան կարող է դառնալ կայուն արտադրության օրինակ՝ միաժամանակ վերաիմաստավորելով հայաստանյան գյուղատնտեսական ժառանգությունը։ «Բրդյա կամարն» այդ գաղափարի գեղարվեստական արտացոլումն էր։