Ալեքսանդր Ավագյան. «Նկարչություն, որ դուրս եկավ երկչափությունից»
«Ահա մի զրույցը» ժամանակակից արվեստին նվիրված նախագիծ է, որը մեկնարկում է AHA collective համադրողական գրասենյակը Երևան ամսագրի համար։ Նախագիծը ներկայացնում է համադրողների և արվեստագետների միջև զրույցների շարք։ Յուրաքանչյուր զրույց ծնվում է AHA collective-ի կողմից ստեղծած մի ցուցադրությունից և ծավալվում ըստ թեմայի և զրուցակիցների։
Հարցազրույցը՝ Նայիրի Խաչատուրեանի
Լուսանկարները՝ Դանիիլ Պրիմակի
Առաջին զրույցը համադրող Նայիրի Խաչատուրեանի և արվեստագետ Ալեքսանդր Ավագյանի միջև է։ Զրույցը կայացել է «Մարմնավորված բնանկարներ» ցուցադրության շրջանակում, որը բացվել է AHA collective-ի ցուցասրահում 2025 թվականիի դեկտեմբերի 6-ին։ Երևանում ծնված և Փարիզում ապրող և ստեղծագործող արվեստագետի առաջին անհատական ցուցադրությունը Հայաստանում միավորում է հիմնական շարքերը, որոնք արտացոլում են վերջին հինգ տարիների ընթացքում նրա ստեղծագործական գործունեության զարգացումը: Ալեքսանդր Ավագյանի աշխատանքը հարցականի տակ է դնում ֆիզիկական և խորհրդանշական սահմանները, քաղաքական և հիշողության գոտիները՝ հարթ և երկչափ վերացական գեղանկարչության և քանդակային ծավալների միջոցով:
Զրույցի ընթացքում զրուցակիցները խոսում են Երևանից Փարիզ տեղափոխվելու մասին, բնանկարի ծավալային հնարավորություններից, քաղաքական քարտեզներից և Արցախից, Արարատը պատկերելու և համադրող-արվեստագետ հարաբերության մասին։

«Մարմնավորված բնանկարներ», ցուցադրություն, AHA collective, 06.12.2025-06.03.2026
ՈՒՍՈՒՄՆ ՈՒ ՁԵՌԱԳՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
Նայիրի. Ալեքսանդր, արդեն հինգ տարուց ավել է, որ ապրում ես Ֆրանսիայում։ Երևանում գեղարվեստի ակադեմիան ավարտեցիր 2011-ին, ճի՞շտ եմ։
Ալեքսանդր. Այո, 2012-ից սկսած ապրել եմ Մարսելում, մոտ յոթ տարի։ Այնտեղ սովորել եմ մեկ կիսամյակ գեղարվեստի դպրոցում, այնուհետև` երեք տարի Էքս ան Պրովանսի արվեստի ֆակուլտետում։ 2019-ից սկսած ապրում եմ Փարիզում։
Ն. Մինչև Փարիզ տեղափոխվելը քո կյանքում կրթության շրջան էր։ Ի՞նչ հետաքրքիր տեղաշարժեր տեղի ունեցան հաջորդ տարիներին՝ նյութերի և հետազոտական թեմաների, որոնց շուրջ այսօր աշխատում ես։
Ա. Հասնելով Փարիզ, ես ինչ-որ իներցիայով իմ սովորական աշխատանքն եմ արել՝ հորիզոնական, առանց աշխարհագրական նշումների բնանկարներ։ Փարիզում, արվեստանոց ունենալու պայմաններում, փորձեցի դուրս գալ երկչափության սահմաններից` օգտագործելով արվեստանոցում եղած փայտեր, մետաղներ։
Ն. Երկչափության սահմաներից դուրս գալը պայամանավորված էր արվեստանոցային պայմաններից, թե՞ նաև փորձառությունից ելնելով ցանկացար դուրս գալ հարթությունից դեպի ծավալներ։
Ա. Ըստ էության երկուսն էլ։ Տարիներ անց երբ վերադարձա Երևան, ծնողներիս բնակարանում գտա մանկությանս տարիներից ստեղծագործություններ՝ ծավալներ էին, որոնց վրա նկարում էի։ Մանկական ինտուիցիա է եղել դուրս գալ երկչափությունից։ Իհարկե դա նոր երևույթ չէ, հատկապես հայկական արվեստում: 20 տարի անց նորից սկսեցի աշխատել ծավալների վրա։ Փարիզի «Poush» արվեստանոցում 200 արվեստագետներ էին ստեղծագործում և շփվում էին միմյանց հետ, բոլորը աշխատում էին տարբեր տեսակի նյութերի հետ։

Ալեքսանդր Ավագյան, «Տունը Արցախում», 2024
Ն. Այդ միջավայրում քո ստեղծագործությունների բնույթը փոխվեց։ Դասական բնանկարն ունի հարթ մակերես, հստակ սահմաններ, իսկ քո ծավալային բնանկարներում սահմանի հասկացողությունը փոխվեց։
Ա. Այո, վստահաբար։ Դու նկատեցիր, որ ծավալների երեսները փոխելու դեպքում, որոնց ես «գոտիներ» եմ անվանում, որոշ գունային տարածքներ կարող են կրկնվել, դա նյութն է թելադրում։ Ես սկսում եմ հետևել արդեն իսկ եղած նշումի, օրինակ ինչ-որ փայտի երակի և ըստ դրա սկսում եմ աշխատել երեսների հետ։ Ինչ-որ տեղ կար նկարչություն, որ դուրս եկավ երկչափությունից և հանդիպելով նոր նյութի և ձևի` ազատ արձակվեց։
Ն. Թե գունային դաշտերին և թե ծավալաներին հաղորդում ես տարածականություն կամ տարածքի հետ հարաբերություն։ Ինչքանո՞վ են քո ապրած փորձը, հուզական դաշտը տարածքների հետ՝ ծննդավայրիդ և ապրածդ վայրի, տեղի ունեցող իրադարձությունների՝ աշխարհաքաղաքական, սոցիալական, մշակութային, ազդում քո ծավալաների ստեղծման վրա։ Ունես տարբեր շարքեր՝ «դիմադրության գոտի», «ազատ գոտիներ», ինչպե՞ս հասար գոտիների դաշտ։
Ա. Երբ աշխատում էի «ազատ գոտիներ» շարքի վրա, մտածում էի տարածքների մասին, որոնք ունեն իրենց բնակչությունը, օրենքները, լեզուն և հաճախ նաև դրամը, բայց չեն երևում որևէ աշխարհագրական քարտեզի վրա, Հայաստանի դեպքում՝ Արցախը։ Աշխարհում շուրջ 200 այդպիսի տարածքներ կան։ Նմանօրինակ տարածքների հետազոտությամբ զբաղվում էր Հակիմ Բեյի պես միստիկ մի կերպար, ով ամերիկացի քաղաքական գրող-պոետ էր։ Նա անդրադառնում է այդ էմանսիպացված տարածքներին։ Այդ աշխատությունից շատ եմ ոգեշնչվել և մտածում էի, որ դա խոսում է մեր արցախյան փորձառության մասին, համաշխարհային համատեքստում։ Ես Արցախում շատ բարեկամներ ունեի, այնտեղ եղել եմ բազմիցս, և հասկացել եմ տարածքի յուրահատկությունը, հետո եմ իմացել աշխարհում մնացյալ դեպքերի մասին։ Մեկ դեպքի օրինակով կարողացա խոսել ամբողջի մասին, դրանք վերածել բնանկարի, ծավալ հաղորդելով։ Ստացվում է նաև, որ բնանկարը ոչ միայն երկչափ կամ եռաչափ հարթությունն է այլ նաև տարածքը, որտեղ ստեղծագործությունները գտնվում են։
AHA collective-ի ցուցասրահում տեղի ունեցող ցուցահանդեսը կարելի է ասել ծավալներով ինչ-որ մի գոտի է սահմանազատում, որը որ հանդիսանում է շատ խորհրդանշական մակարդակում «դիմադրության գոտի»։ Նշյալ գոտին փխրուն է, կարող է տարալուծվել, ծավալները կարող են տարածվել չորս կողմը, կարող են կուտակվել և դառնալ ինչ-որ մի վերացական ստեղծագործություն։ Բոլորը եթե փորձենք միացնել իրար և հենել պատերին կստացվի, որ փորձում են արտաքին խնդիրներից պաշտպանել տարածքը որտեղ իրենք են։

Ալեքսանդր Ավագյան, «Դիմադրության գոտիներ», 2021
Ն. «Ազատության գոտիները» և«դիմադրության գոտիները» հնարավոր է բացի երեսները փոխելուց նաև այլ դիրքով դիտել։ Այս գործողությունների մեջ նկատում եմ մանկավարժական միտում, որը գործին հաղորդում է շարժողականություն, հնարավորություն է տալիս մտնել բնանկարի մեջ, նոր կոմպոզիցիայով` նոր բնանկար ստեղծել։ Դու աշխատում ես Փարիզի Bourse de Commerce - Pinault Collection ժամանակակից արվեստի կենտրոնում և ամեն օր շրջայցեր ես վարում տարբեր այցելուների համար։ Ինչքանո՞վ է զուգորդվում բնանկարը «շարժական» ծավալի վերածելու ցանկությունը թանգարանում որպես էքսկուրսավար աշխատելու հետ։
Ա. Երբևիցե դրա մասին խորությամբ չեմ մտածել։ 2018-ին աշխատել եմ Մարսելի MUCEM թանգարանում, որպես էքսկուրսավար, ապա Louis Vuitton հիմնադրամում մինչև Pinault արվեստի կենտրոնում (Bourse de Commerce) աշխատելը։ Մեծամասամբ դրանք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծագործող արվեստագետներ են և համընկնում են իմ հետաքրքրությունների հետ։ Թանգարաններում հնարավորություն ունեցա անձամբ շփվել՝ Ժուզեպե Պենոմեի, Ջիլբերտո Զորիայի, Պիստոետոյի, Անրի Սալայի, Էդիտ դե Քինթի, Մեգ Վեբսթերի հետ։ Նրանց հետ անձամբ շփվելը և նրանց աշխատանքները մոտիկից տեսնելը և շաբաթվա մեջ մոտավորապես 6-7 ժամ ականատես լինելը` դրանց մասին մարդկանց հետ խոսելով չէին կարող չազդել իմ վրա։ Pinault-ի դեպքում հավաքորդը շատ է սիրում 60-ականների «Arte Povera», մինիմալիզ, ռադիկալ շրջանի արվեստի գործեր և ես բախտավոր եմ, որովհետև այդ շրջանի սիրահար եմ։ Ավելի երիտասարդ արվեստագետներ կան նաև, որոնց հետ բախտավորություն ունեցա աշխատել, օրինակ՝ Դանիել Ստիգման-Մանգարեի հետ։ Մեծ չէ մեր տարիքային տարբերությունը և հստակ ոգեշնչում կա այդ թվականների արվեստագետներից։
Ն. Միջավայրը որտեղ աշխատում ես, հնարավորություն է տալիս քննադատաբար մոտենաս անհատական ստեղծագործությունների նկատմամբ, չէ՞։
Ա. Ես չէի կարողանա հարցիդ պատասխանել, եթե չունենայի ընկերներ և արվեստանոցային հարևաններ, որոնք չունեն իմ փորձառությունը։ Նրանք երբ խոսում են ինչ-որ բանի մասին շատ սուբյեկտիվ և էմոցիանալ են, սակայն երբ սիրում են կամ չեն հավանում որևէ բան, չեն կարողանում պատասխանել՝ ինչու։ Շատ բաներ ես ևս չեմ հավանում, սակայն լինելով էքսկուրսավար ստիպված եմ լինում հասկանալ ինչ է արվեստագետը փորձել ասել, ինչ քաղաքական, սոցիալական ժամանակշրջանում, ինչ համատեքստում և դա ինձ օգնում է։ Արդյո՞ք երբ գալիս եմ արվեստանոց, կարողանում եմ չլինել դրա գերին, միանշանակ՝ այո, որովհետև փորձառությունը երկար է, 2018 թվականից։ Սկզբից հնարավոր է շատ էի ազդվում և դա ինձ գերի էր պահում։ Այսօր լինում են ցուցահանդեսներ, որոնց նյութը ինձ դուր չի գալիս, օրինակ` քանդակագործ Չարլզ Ռեյին չեմ հավանում, որովհետև ֆիգուրատիվ ստեղծագործություններ է անում։ Շատ են ֆիգուրատիվ գաղութային և հետգաղութային թեմաներով աշխատողները, ես շատ հարգում եմ, սակայն չեմ կիսում, իմ արտահայտչամիջոցը չէ, բայց հնարավորություն է տալիս նկատել աշխարհում նոր արվեստագետներին հետաքրքրող աշխատանքները։
Այսօր կա պատկերի վերիմաստավորման խնդիր, ես դա նկատում եմ Աֆրիկայում, Ամերիկայում, Հարավային Ամերիկայում և հՀուսիսայինում և անգամ Հայաստանում։ Անհրաշժեշտ է, որ այս ժամանակաշրջանում, երբ կա սնեփչատ, տիկ-տոկ, ինստագրամ, յութուբ և այլն, լինեն մարդիկ, որոնք կարողանան դանդաղեցնել և ուշադրությունը սևեռել մի պատկերի վրա, որը որ մարսված է, աշխատած է և իրանով կարողանում է մի ամբողջ տասնամյակ ներկայացնել։ Բոլորս լուսանկարիչ ենք, ունենք հեռախոս և կարող ենք լուսանկար կամ վիդեո անել, այսինքն պատկերը արժեզրկվում է և այս սերնդի արվեստագետները կարողանում են խոսել պատկերի մասին, դրան ուժ տալով, դանդաղեցնելով, մտասևեռելով։

«Մարմնավորված բնանկարներ» ցուցադրություն, AHA collective, 06.12.2025-06.03.2026
ՀԱՅԱՑՔ ԴՐՍԻՑ
Ն. AHA collective-ի ցուցասրահի չորրորդ ցուցադրությունը` «Լույս աշխարհ բերելով լույսը» արվեստագետներ Բահար Շողիի և Արմեն Տեր-Մկրտչյանի միջև լուսանկարչական զրույց էր պատկերի և լույս պատկերելու խնդրի շուրջ։ Այսօր լուսանկարչական սուպերմարկետային իրականության մեջ ենք ապրում և աշխարհով մեկ լուսանկարչության շուրջ աշխատող արվեստագետները վերադառնում են կամ վերարժևորում են ձեռքով տպված լուսանկարները, անալոգ լուսանկարչությունը։ Հետաքրիքր է տեսնել, որ Հայաստանն ինչքան էլ որ հեռավոր գոտի է, արվեստի դաշտի հեռավոր գոտու տարածք է, բայց կան արվեստագետներ ովքեր նույն խնդիրների շուրջ են մտահոգ և աշխատում։ Դու լինելով Հայաստանից, բայց ապրելով մշակութային կարևոր կենտրոններից մեկում` Փարիզում, ինչպե՞ս ես գնահատում ոչ-արևմտյան երկների արվեստի ներկայությունը, արժևորումը, Փարիզի նման քաղաքում։ Քո աշխատանքը անելիս արդյոք զգո՞ւմ ես որ հետաքրքրություն կա, օրինակ` դեպի քեզ և քո միջավայրը, որ սերում ա Հայաստանից և թե՞ ինչ են ստեղծում այս երկներում։
Ա. Ինչպես ցանկացած բնագավառում, արվեստում ևս կան մոդայիկ հոսքեր, նկատելի է Աֆրիկյան երկների հանդեպ մեծ հետաքրքրասիրություն՝ նոր ֆիգուրատիվ նկարչության շրջանակներում։ Արվեստի պատմությունը հարուստ է սպիտակ մարմինների ներկայացմամբ, որտեղ չկա սև կամ ուրիշ փոքրամասնությունների ներկայություններ, այսինքն նկատելի է, որ այսօր կա հստակ հետաքրքրություն` Աֆրիկացի, Ուկրաինացի և Պաղեստինի երիտասարդների հանդեպ։ Ցավոք սրտի կոնֆլիկտների «մրցույթում» մեր խնդիրները մնացել են չարծարծված, ոչ հայտնի և մարդիկ երբեմն զարմանում են թե ինչու՞ այդքան անտեղյակ են Հայաստանի խնդիրներից։ Նկատելի է, որ շատ քիչ են հաստատութենական առումով մեր իրականությամբ հետաքրքվողները:
Ն. Քո գործերը քաղական բնույթ են կրում։ Արդյոք զգո՞ւմ ես, որ լինելով հայ, բայց ապրելով դրսում ունես որոշակի ազատություն խոսելու հայկական փորձառության մասին, քան այն արվեստագետները ովքեր ապրում են Հայաստանում, թե՞ դա այդքան հեռավորության խնդիր չէ, որքան համարձակության և սկզբունքայնության։ Ընդհանրապես, արվեստագետն ինչքանո՞վ ունի ազատություն և սկզբունքայնություն, որպես քաղաքացի` խոսելու անարդարության մասին։
Ա. Ես Հայաստանը դիտարկում եմ որպես 21-րդ դարի սկզբին հետգաղութային տարածք։ Ինքնաթիռով 5 ժամի հեռավորությունից, անկեղծ, ինձ թվում է, որ մեր երկիրը հստակ ռուսական հետգաղութային տարածք է, մենք զրկվել ենք 80-ականների շարժման մասին մտածելու հնարավորությունից։ Ժամանակին, երբ 14 երկները էմանսիպացվում էին ռուսական լուծից, մենք ունեցանք այլ խնդիր, մենք ստիպված էինք կյանքի համար կռվի մեջ մտնել 1988-1994 թվականներին և հետո լինել մշտական լարվածության պայմաններում և այդ ուղղությամբ բնականաբար չենք մտածել։ Հայաստանը ինքնին տարածք է, որը էմանսիպացման ճանապարհին է կայսերական ախորժակներից, որ երբևիցե չի դադարի նկրտումներ ունենալուց և մենք մեր ուշադրությունը սևեռել ենք դրա վրա։ Սա քննադատություն չի, մենք այլընտրանք չենք ունեցել։ Մենք զբաղվել ենք այդ մեկ հարցով, ունենալով այլ խնդիրներ։ Ինձ մոտ այդ գիտակցությունը եկել է այստեղ մշտապես չապրելու հնարավորությունից, որովհետև երբ իմ տեսակետը կիսում եմ մանկության ընկերների կամ արվեստագետ ընկերների հետ, հաճախ չենք կիսում նույն կարծիքը։

«Մարմնավորված բնանկարներ», ցուցադրություն, AHA collective, 06.12.2025-06.03.2026
ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆ ՈՒ ՀԱՄԱԴՐՈՂԸ
Ն. Կցանկանայի խոսեիր համադրողի հետ աշխատելու քո փորձառության մասին։
Ա. Հետաքրքիր է, որ ինտուիցիայով գնացիր դեպի համադրողներ։ Մենք հայաստանյան արվեստագետներս եթե ունենանք միայն հայկական փորձ դժվար է հող գտնել` համադրողներ։ Ուռճացված օրինակ բերեմ․ եթե համադրողներից մեկը աշխատի Մասիս սար նկարող մի արվեստագետի հետ (և շատ կան), ցանկացած էքսպրեսիվ, ռեալիստական, հետգոգենական, սարյանական, կստացվի, որ էդ բնանկարը մեկ համադրողի ճկուն հայացքի, մի քանի տողի, մի քանի արտահայտության շնորհիվ կդառնա շատ հետաքրքիր։ Համադրողները եթե գնային դասական կամ երիտասարդ արվեստագետների արվեստանոցները, մեկ-երկու փոփոխությամբ, այդ արվեստագետները իրենց կարողությամբ և գունապնակով միգուցե դառնային անչափ արդիական։
Բաց կա անջրպետ արվեստագետների և համադրողների միջև, որը լրացնելու դեպքում կարելի է նույնիսկ մեր պայմաններում ստեղծել անչափ հետաքրքիր արվեստագետների դպրոց։ Իմ կարծիքով այստեղ շատ բան չկա անելու, օրինակ երբ ես նայում եմ 14 տարվա բացակայությունից և տարածությունից, որպես խորհուրդ կասեի. «եկեք ընկերներ հանենք մեր ստորագրությունները կտավներից, տեսնենք մեր շրջապատում կան համադրողներ, ովքեր կարող են երեք, չորս ժամ տրամադրել և կտեսնեինք, որ համադրողի աջակցությամբ արվեստագետը կշահեր և կշահեր ամբողջ արվեստասեր հասարակությունը»։ Մենք գիտենք մեր խնդիրները, հաստատութենական սատարումի պակասը, արվեստով հետաքրքրվողների պակասակը, սակայն անգամ քիչ միջոցներով կարող է լուծվել այդ խնդիրները` ձեր օգնությամբ։
Ն. Իմ տաս տարվա փորձից ելնելով, կարող եմ ասել, որ համադրողն ունի շատ մեծ պատասխանատվություն. սկզբում արվեստագետի և ստեղծագործության նպատմամբ, այնուհետև` տարածքի, որտեղ որ ցուցադրում է, ապա` հասարակության։ Դժվար է մեծ քանակությամբ և արագությամբ անել դա, այսինքն որքանով արվեստագետը կարիք ունի դանդաղ և կենտրոնացած աշխատել, նույնքան համադրողը, որ արվեստագետների, թանգարանների, տարածքների, հասարակության հետ աշխատանք տանի։ Մենք ունենք ոչ թե սահմանափակումներ, այլ պատասխանատվություն գործի նկատմամբ։ Ցավոք սրտի համադրողների դաշտը Հայաստանում շատ փոքր է և յուրաքանչյուրն ունի իր հետազոտական հետաքրքրվածությունը, մարդկային շփումներն ու հարաբերությունները և շատ չեն կարող ծավալվել։
Ա. Վստահաբար դրան էլ ժամանակ, սերունդ, դպրոց է պետք։ Արվեստագետներ շատ կան, շատ են ավարտում Երևանում, Գյումրիում, Դիլիջանում, զուգահեռաբար արվեստի տեսություն և քննադատություն և համադրողների կողմից որպես այդպիսին չկա ուշադրություն։ Համադրողի աշխատանքը ցուցադրությունն է, որը մի լուսանկար կամ կտավ չի, արվեստագետի կողմից դա պետք է գիտակցվի։ Ինստալացիան կամ կտավը արվեստագետի ստեղծագործությունն է, ցուցադրությունը` համադրողի ստեղծագործությունը։ Համադրողն այստեղ ստեղծագործող է, երբեմն համահեղինակ։ Համադրողի հայացքն է, որ ստեղծագործությունը բերում և մտցնում է կոնտեքստ, որում այդ աշխատանքը իրոք պետք է գտնվի։ Հեռավորության պակասից արվեստագետը երբեմն չի տեսնում, համադրողի հետ աշխատանքը ստանում է իր ամբողջ կարևորությունը։ Ես հույս ունեմ, որ ինչ-որ տեղ այս ինքնաթիռների տոմսերի էժանացումը, այս նոր սերնդի համարձակ, հետաքրքրասեր լինելը բերելու է նրան, որ ունենալու ենք համադրող-արվեստագետ գրագետ համագործակցություններ։